Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղն ունի բնական գազ, մանկապարտեզ, եկեղեցի, մի քանի խանութ, երկու դպրոց, սակայն գյուղում նոր ընտանիքներ քիչ են ստեղծվում: Երիտասարդ տղաները այստեղ հյուրի կարգավիճակով են:
Առաջին հայացքից Հեշտիան հարուստ գյուղի տպավորություն է թողնում: Այստեղ կաթոլիկներ են ապրում: Տեղի բարբառը երբեմն անհասկանալի է նույնիսկ հարևան գյուղերի բնակիչների համար:
Գյուղի բնակչությունն ամեն տարի նվազում է, մարդիկ գաղթում են: Այժմ գյուղում կա 500 ընտանիք, իսկ կար ժամանակ երբ ապրում էր 1000 ընտանիք: Գյուղի կենտրոնում, եկեղեցու հետ միասին աչք է ծակում նախկին շքեղության մնացորդ՝ կարուսելը:
Ըստ տեղացիների գնահատականի գյուղի բնակչության 60%-ը մեկնում է Ռուսաստան աշխատանքի: Նրանք գալիս են միայն մեկ կամ երկու ամսով: Գյուղացիների խոսքերով, գյուղում անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր, որպեսզի երիտասարդները գյուղից դուրս չգան: Գյուղում երկու տարվա ընթացքում եղել է ընդամենը երեք հարսանիք, 2-ը` այս տարի, 1-ը` անցյալ տարի:
Գյուղում քիչ են գյուղատնտեսական նշանակության հողերը: Բնակիչները քիչ են ցանում կարտոֆիլ և քիչ անասուն են պահում:
Առաքելյան Եղիշն ասում է, որ աշխատելու տեղ չկա, իսկ գյուղատնտեսությունից շատ եկամուտ չես ստանում:
«Ընտանիքում 8 հոգի ենք, մենք ունենք ընդամենը 50 հար հող: Ես խնդրեցի, որ թույլ տան մշակել այն գյուղացիների հողերը, ովքեր հեռացել են գյուղից, բայց պատասխանեցին, որ ուշացել եմ: Եվ ինչ պետք է անենք, երեք կով եմ պահում, մեկ տուկ խոտի համար վճարել եմ 10 լարի: Կաթը 70-80 թեթրիով եմ վաճառում: Կես լիտր հանքային ջուրը արժի 1.20 լարի», – ասում է Առաքելյան Եղիշը:
Հեշտիա գյուղի բնական աղբյուրներն ապահովում են խմելու ջրով Նինոծմինդայի մի քանի գյուղերի, սակայն հենց գյուղում խմելու ջուրը ձմռանը հոսում է` 7-8 ժամ, իսկ ամռանը՝ 2-3 ժամ:
«Ուրիշները մեր գյուղից ջուր են ստանում նրանց մոտ շուրջօրյա է, իսկ մեզ մոտ մինչ 17:00-ն: Եվ մենք ամսական մեկ անձի համար վճարում ենք 2,5 լարի: Ես ամսական վճարում եմ 15 լարի», – ասում է Սուրիկ Կրկիկյանը:
Գյուղի լիազոր Եգոր Քոթոյանը բացատրեց, որ խմելու ջրի համակարգի սպասարկումը նրանց վրա շատ թանկ է նստում:
«Ավելի լավ կլինի, եթե մեկ ընկերություն զբաղվի ջրի սպասարկման հարցով: Մենք ջրամղիչ պոմպով ջուր ենք քաշում 5-6 ժամ և հետո բացում, որքան հերիքի: Շուրջօրյա ջրամատակարարումը կարժենա 7-8 լարի յուրաքանչյուր անձի համար: Ավելի թանկ կլինի քան գազը և լույսը», – ասում է Եգոր Քոթոյանը:
Գյուղում դժգոհում են նաև գյուղի ճանապարհների վատ վիճակից, և ավելացնում նաև, որ այս տարվա գարնանը խոստացել են դրանք ասֆալտապատել:
Շուշան Շիրինյան