Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում, «Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերության 22 955 բաժանորդներից 14 343-ը կարող են նոյեմբեր ամսին օգտվել կոմունալ ծախսերի պետական ֆինանսավորումից:
Ըստ «Energo Pro Georgia»-ի մամուլի կենտրոնի, ընկերության հարավային մասնաճյուղի (Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա Ախալցիխե, Բորժոմի, Խաշուրի, Գորի) 197 553 բաժանորդներից, էլեկտրաէներգիայի արտոնություններից կարող են օգտվել շուրջ 135 687 բաժանորդներ:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բոլոր նրանք, ովքեր սպառում են մինչև 200 կվտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր բնական գազ, նրանց կոմունալ ծառայություններն ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից, չորս ամիս շարունկա (նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար): Ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի վճարները:
Բաժանորդների թիվն ամբողջ Վրաստանում, ովքեր ամսական սպառում են 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա, 1,2 միլիոն է, և միջին հաշվով պետությունը 17 միլիոն լարի (ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացրել այդ քաղաքացիների կոմունալ ծառայությունների վճարման համար:
Վրաստանում կա նաև 670 հազար բաժանորդ, որոնք ամսական սպառում են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ: Պետությունը 27 միլիոն լարի (ավելի քան 8 միլիոն դոլար) է հատկացրել նրանց պարտքը մարելու համար: