Այսօր, ժամը 13:00-ին Ախալքալաքի Խաս Բախչա կենտրոնական այգում սկսվեց միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը Ախալքալաքի եւ Նինոծմինդայի բնակչության հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին:
Հանդիպումը բացեց Միավորված ընդդիմության ակտիվիստ Մելիք Ռաիսյանը, ով անդրադարձավ Ախալքալաքի ընդհանուր նախընտրական իրավիճակին: Նա նշեց, որ Ախալքալաքում նախընտրական շրջանը դարձել է երկու շրջանների պատգամավոր Հենզել Մկոյանի կողմից հաշիվներ մաքրելու շրջան: Նրա խոսքերով, Ախալքալաքում նախընտրական միջադեպերը կրում են անձնական բնույթ:
«Մարդը պետք է լինի ազատ քաղաքացի, եւ միայն ընտրությունների միջոցով պետք է ընտրվի, դա ժողովրդավարության առաջին նախապայմանն է: Մենք ունենք շատ չբացահայտված գործեր, սպանություններ եւ կողոպուտներ, չեն բացահայտվում սպանությունները, որոնք պետք է բացահայտեն իշխանական կառույցները: Նրանք զբաղվում են քաղաքականությամբ, ընտրակեղծիքներով», – ասաց Մելիք Ռաիսյանը:
Հանդիպմանը մի քանի հազար մարդ հավաքվեց՝ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները:
Գրիգոլ Վաշաձեն իր ելույթը սկսեց շնորհակալական խոսքերով՝ այն բանի համար, որ ժողովուրդը հավաքվել էր այգում:
«Շնորհակալություն այն բանի համար, որ առանց վարչական ռեսուրսի, առանց փողի, Դուք բոլորդ հավաքվել եք այստեղ: Անկախ ազգությունից, Դուք Վրաստանի հայրենասերներն եք, եւ դրա համար ես Ձեզ շատ եմ սիրում: Մենք այս ընտրությունները վերածել ենք ոչ միայն նախագահական ընտրությունների, այլեւ Վրաստանի ապագայի ընտրության, արժանապատվության ընտրության: Վրաստանում երբեք այլևս չի լինի միակուսակցական կառավարում: Կամ մենք բոլորս հավասար ենք, կամ մենք պետություն չունենք», – ասել է Գրիգոլ Վաշաձեն:
Գրիգոլ Վաշաձեն նախընտրական շրջանում խաղաղության կոչ արեց:
«Չնայած այն բանին, որ մեր տղաները ծեծի են ենթարկվել, մենք չենք ենթարկվի սադրանքների: Նրանց նպատակն է տապալել ընտրությունները, եւ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի անկարգություններ ստեղծեն: Բայց մենք բոլորս օրինապահ մարդիկ ենք, շատ եմ Ձեզ խնդրում, համբերատարորեն մինչեւ նոյեմբերի 28-ը, գնալ եւ կատարել Ձեր սահմանադրական պարտքը: Երբ Դուք կգնաք երկրորդ փուլին, նույնչափ կազմակերպված, նույնչափ քաղաքակիրթ ձեւով, 4-5 հոգի, ովքեր չեն պատրաստվում գնալ քվեարկության առանց հեռախոսազանգի, ասեք, որ նա չեզոք չէ, տանը նստած՝ նա իր ձայնը տալիս է Իվանիշվիլուն», – ասել է Գրիգոլ Վաշաձեն:
Ելույթներին միացել է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար՝ Արսեն Կարապետյանը, ով ներողություն խնդրեց ուսուցիչներից՝ այն բանի համար, որ «նրանց երկու օր առաջ ստիպել են գնալ հավաքին» (խմբ. Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական հանդիպմանը):
Ելույթ ունեցավ նաև Սահակաշվիլին՝ հեռուստացույցի էկրանից: Նա խոսեց ծրագրերի մասին, որոնք սկսվել եւ իրականացվել են «Միասնական ազգային շարժման» իշխանության օրոք, եւ այն մասին, որ դրանցից շատերը կասեցվել են իշխանափոխությունից հետո:
Գիորգի Վաշաձեն ասաց, որ նրանք պետք է հաղթեն, որպեսզի երկրում վերանա անօրինականությունը, որը գոյություն ունի նաև Ախալքալաքում եւ Նինոծմինդայում:
«Հենց այդ անօրինականության պատճառով էր, որ հարձակվեցին մեր տղաների վրա: Եվ մենք, ամբողջ երկիրը, ամբողջ աշխարհը, եւս մեկ անգամ տեսանք, որ ցավոք սրտի, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում Հենզել Մկոյանի գլխավորությամբ գոյություն ունի ապօրինի հանցախումբ», – ասաց նա:
Նա նաեւ ասաց, որ փորձում են լուծարել հայ-վրացական սահմանի անցակետերից մեկը, որպեսզի մարդիկ չանցնեն երկու սահմանային անցակետ: Նա նաեւ հավելեց, որ ջավախահայերի ինտեգրումը շատ կարեւոր է Վրաստանի համար:
Ելույթ ունեցան նաև Գիորգի Բարամիձեն եւ Նիկա Վաշակիձեն, ովքեր պնդում էին, որ Գրիգոլ Վաշաձեի հաղթանակին արդեն հասել են եւ կոչ արեցին պայքարել սեփական ձայնի իրավունքի համար:
Հանդիպման ավարտին ելույթ ունեցավ Միասնական ընդդիմության Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանը, ով նաեւ անդրադարձավ պատգամավոր Հենզել Մկոյանի թեմային, ում մեղադրեց վայրագության մեջ:
«Եթե մենք բոլորս միասին գնանք ընտրության եւ հաղթենք, իսկ մենք արդեն հաղթել ենք, ապա մենք բոլորս հավասար կլինենք, ոչ-ոք չի լինի ավելի բարձր կամ ցածր, բոլորը հավասար կլինեն: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին միանալ մեզ եւ միասին առաջ գնալ», – ասաց նա: