ՏԻՄ ընտրությունների նախաշեմին jnews-ը հարցազրույցների շարք է ներկայացնում, որտեղ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուները իրենց տեսակետներն են արտահայտում: Մեր զրուցակիցն է «Դմիտրի Լորդքիփանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական Շարժում» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը:

Պարոն Ռաիսյան, ժամանակին եղել եք Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ինչը ձեզ դրդեց, որ այսօր առաջադրվեք որպես Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու:

– Այսօր մեր տեսակը, մեր մշակույթը, մեր գոյությունն առհասարակ վտանգված է: Ճիշտն ասած, ես չեմ հասկանում քաղաքապետի պաշտոնը, սահմանադրությունը երկու անգամ կարդացի, տեղական ինքնակառավարման մասին օրենքը, ախր ամեն ինչ խախտված է, դրա համար էլ մասնակցում եմ: 1998 թվականին ես ընդդիմություն էի, Շևարնաձեի հետ Զվիադի դեմ էի պայքարում, հետո Շևարնաձեի դեմ եմ դուրս եկել Սաակաշվիլիի հետ, հետո Սաակաշվիլի դեմ Իվանիշվիլու հետ, հիմա էլ Իվանիշվիլիի դեմ եմ ելել, չգիտեմ ում հետ: Ես կյանքում իմ տեսակով բողոքական եմ, շատ դժգոհ եմ ու պահանջկոտ եմ:

Ինչպես է անցնում ձեր դաշինքի քարոզարշավը, որևէ խոչընդոտի կամ դժվարության հանդիպել եք այս ընթացքում:

Ինչ ընտրարշավի մասին է խոսքը, 200 հոգով գնում են գյուղ 10 հոգի մարդ է դիմավորում, հոգեբանական ճնշում են կատարում մարդկանց վրա: «Դաշինքն» ու «Օցնեբան» 200 հոգով գյուղ են գնում, որ մարդկանց վրա գոռան, ճնշեն հետ գան: Մեզ չեն խանգարել քարոզարշավի ընթացքում, ուղղակի ուր գնում ենք, միշտ հատուկ անվտանգության երկու մեքենա է հետևում մեզ: Մենք ասում ենք այն ինչ կա, մերը ստանդարտ քարոզարշավ չէ, սա միջոց է ժողովրդի հետ շփվելու:

Դուք քանի հոգով եք գնում քարոզարշավի:

Մոտավոր 10 հոգի ենք, մենք գնում ենք այն տարածքները, որտեղ որ մեծամասնական թեկնածու ունենք, օրինակ վրացական գյուղերը չունենք, առհասարակ չենք գնում: 12 թեկնածու ունենք մեծամասնական: Որտեղ որ թեկնածու չունենք, գնանք ում ներկայացնենք, որովհետև կուսակցությունը ներկայացնելն իմաստ չունի: Ես չեմ հասկանում գնալու իմաստը, եթե գնում են գյուղ, 3 մարդ է նստած՝ մեկը չի լսում, մյուսը չի տեսնում, երրորդն էլ մոռանում է իմացածը:

Ինչ եք խոստանում ձեր ընտրողին:

Ես ոչինչ էլ չեմ խոստանում: Ես ուզում եմ, որ մարդկային արժանապատվությունը, որը որ կորցրել են, վերականգնվի: Դա կլինի ընտրության միջոցով, թե ինքն իրեն հարգելով, մարդը պետք է իմանա, ով է այս պետության մեջ՝ քաղաքացի, որը հավասար իրավունքներ չունի Վրաստանի մյուս քաղաքացիների պես, թե՞… Ես կարող եմ խոսք տալ, որ եթե մեր թեկնածուները անցնեն, ապա Սակրեբուլոյի աշխատանքում որակական տարբերություն կլինի:

Եթե դառնաք Ախալքալաքի քաղաքապետ, ինչ փոփոխություններ եք անելու, ծրագրային որևէ ուղղվածություն ունեք, մշակութային ոլորտին եք ավելի ուշադրություն դարձնելու, կամ օրինակ քաղաքի արտաքին տեսքին, որն է լինելու ձեր անելիքը:

Առաջինը դնելու եմ նախկին զինվորական ավանի 720 բնակարանների խնդիրը, ով, ում, ինչքան բնակարան է անօրինական վաճառել, խելագարվել կարելի է: Սակրեբուլոյի նիստ եմ հրավիրելու, բոլորս նստենք սեղանի շուրջ և հասկանանք, ով ենք մենք, ինչ ենք ուզում և ինչի համար: Անարդարությանը պետք է վերջ տրվի, մարդիկ պիտի իրենց լիարժեք քաղաքացի զգան, երբ դա տեղի ունենա բոլոր հարցերն ինքըստինքյան կլուծվեն:

Իսկ ենթակառուցվածքային զարգացման ինչ քաղաքականություն եք վարելու:

– Ինձ որ մնա, ամեն տարի նույն փողոցը երեք անգամ ասֆալտապատելու փոխարեն, ալտերնատիվ ճանապարհ սարքենք Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան, Կոկիո, Ազարվեթ, Ղադո, Մոդեգամ գյուղերի համար: Հիմա փոշիացնում են բյուջեն, որովհետև այդպես հեշտ է գողանալը: Ենթակառուցվածք սարքենք, որ մեր հեռու գյուղերը, որոնք ձմռանը կտրվում են քաղաքից 3-4 ամիս, թե բժշկական առումով, թե բարեկամներին հարսանիք կամ թաղում գնալու հնարավորություն ունենան:

Պարոն Ռաիսյան ինչքան եք գնահատում ձեր ընտրվելու հավանականությունը:

Ցածր, եթե ժողովուրդը գիտակցություն ունենար, իրոք քաղաքացու կարգավիճակ ունենար, ես ալտերնատիվ չէի ունենա, ես կհաղթեի: Բայց ես գիտեմ, որ մեր ժողովուրդը քաղաքականությունից հեռու է: Ինչպես Հայաստանում 5000 դրամ տվին 5 տարվա իրավունքը ծախեցին, հիմա էլ այստեղ է: Ամեն գյուղ 15 հանձնաժողովի անդամ ունի, որից 12-ը իրենց մարդիկ են: Իմ կարծիքով, եթե երկրոդ փուլ լինի, դա կլինի մեծ նվաճում, ուրեմն կարելի է խմբավորվել, կարևորը իշխանական թեկնածուն չանցնի, քանի որ դա ամենավատ ազդակն է ղեկավարության, որ կարելի է նույն ձևի անօրինական շարունակել: