ՏԻՄ ընտրությունները սկսվեցին պաստառների «պատերազմով»: «Պատերազմին» մասնակցում են Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուները և Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի կուսակցությունը:
Նախընտրական շրջանն այս տարի Ախալքալաքում սկսվեց փոքր-ինչ ուշացումով: Բոլոր կուսակցությունների թեկնածուները, բացառությամբ իշխող կուսակցության, վստահեցնում են, որ պատճառը ֆինանսների մեջ է, ինչը ընդդիմադիր կուսակցությունները համեմատաբար ավելի քիչ ունեն: Այնուամենայնիվ, Ախալքալաքի փողոցներում կարելի է տեսնել քաղաքապետի թեկնածուների և «Գախարիա. Հանուն Վրաստանի» կուսակցության պաստառները: Ողջ Վրաստանի տարածքում այս կուսակցությունը փորձագետների կարծիքով համարվում է իշխող կուսակցության ամենահզոր ընդդիմախոսը:
Հիմնականում «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արսեն Կարապետյանի և իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանի պաստառները փակցված են ամբողջ քաղաքում: «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Մելիք Ռաիսյանի պաստառները կախված են քաղաքի կենտրոնական հատվածում, դրանք շատ չեն:
Արդեն մի քանի օր է՝ որոշ վայրերում, որտեղ չկան տեսախցիկներ, պոկվում են թե՛ իշխող կուսակցության, թե՛ ընդդիմության պաստառները: Դա տեղի է ունենում գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ: Նշենք, որ նման արարքը Վրաստանում պատժելի է Վարչական օրենսգրքի (հոդված 80) համաձայն: Քարոզարշավի նյութերը, ներառյալ պաստառները փչացնելու, վնասելու և առգրավելու համար օրենքը նախատեսում է 1000 լարի տուգանք, իսկ, եթե դա անի պաշտոնատար անձը, տուգանքի չափը կրկնապատկվում է` դառնալով 2000 լարի: Ինչպես երեւում է լուսանկարներում, որոշ տեղերում չի երեւում, թե ում պաստառն է պոկվել:
Եթե այժմ, նախընտրական շրջանում, պաստառները չի կարելի պատռել, ապա ընտրություններից հետո դրանք չի թույլատրվում փակցված թողնել:
Համապատասխան ընտրական սուբյեկտը պարտավոր է ապահովել, որ նախընտրական նյութերը հեռացվեն ընտրությունների վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում, հակառակ դեպքում նա պատասխանատվություն կկրի Վրաստանի օրենսդրությանը համապատասխան:
Այնուամենայնիվ, Ախալքալաքում ո՛չ նրանք, ովքեր պատռում են պաստառները, երբ դա չի կարելի, ո՛չ էլ նրանք, ովքեր թողնում են դրանք, երբ դա չի թույլատրվում, չեն պատժվում:
Քրիստինե Մարաբյան