Ախալքալաքում «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբում տուժածներից մեկին Աբրահամ Աբրահամյանին տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց, քանի որ նրա դեմքի վնասվածքները այնքան լուրջ են, որ Ախալքալաքում չեն կարող օգնել նրան:
Աբրահամ Աբրահամյանը գտնվում էր «Ուժը միասնության մեջ է» կուսկացության նախընտրական շտաբում, շտաբի նախագահ Աշոտ Ռաիսյանի եւ այլ աշխատակիցների հետ միասին: Նա նույնպես ծեծի է ենթարկվել Աշոտ Ռաիսյանի, Տիգրան Աբրահամյանի եւ Միխայիլ Աղաբաբյանի պես: Ախալքալաքի հիվանդանոցում նրանք չեն կարողացել համապատասխան բուժօգնություն ցույց տալ, կանչել են ռեանոմոբիլ եւ տարել նրան Թբիլիսի:
Այսօր, կեսօրից հետո միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք շտաբի աշխատակիցների եւ խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի բարեկամների միջեւ: Շտաբի աշխատակիցների խոսքերով, պատգամավորի բարեկամները և նրանց կողմնակիցները՝ մոտ 40-50 հոգի, հարձակվել են նրանց վրա և սկսվել է ծեծկռտուք: Իսկ Մկոյանի եղբայրը՝ Մարտուն Մկոյանը, ասում է, որ նրանց միջև ծեծկռտուքը ծագել է Աշոտ Ռաիսյանի եւ նրա ընկերների կողմից քաղաքական սադրանքների պատճառով:
Ախալքալաքում, «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում զանգվածային ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, համաձայն՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, ինչը ենթադրում է՝ «հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն»: