Աուդիոձայնագրություններից մեկում, որը դատախազությունն է հրապարակել, ասվում է, որ միլիարդատիրոջ սպանությունն արտոնել է անձամբ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ բացահայտել է վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման փաստը։ Գործարարը մահացել է տասը տարի առաջ Լոնդոնից ոչ հեռու Լեզերհեդ քաղաքի իր տանը:
Դատախազության հրապարակած աուդիոձայնագրություններից մեկում ասվում է, որ միլիարդատիրոջ սպանությունն արտոնել է անձամբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծանրացնող հանգամանքներով սպանության նախապատրաստման փաստի առնչությամբ ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության ՆԳՆ 3 նախկին պաշտոնյա: Այս մասին ասվել է հատուկ բրիֆինգի ժամանակ հոկտեմբերի 17-ին:
Մեղադրող կողմը հիմնվում է 2007թ.-ին արված աուդիոձայնագրությունների վրա, որտեղ ձերբակալվածները խոսում են Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման մասին:
Հոկտեմբերի 17-ին դատախազությունը հրապարակել է այդ ձայնագրությունները: Դատախազությունում հայտարարում են, որ դրանք հայտնաբերել են գրեթե 10 տարի անց՝ 2016թ.-ի դեկտեմբերին մեղադրյալներից մեկի տանը:
Միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլին վաղաժամ մահացել է 2018թ-ի փետրվարին Լոնդոնում՝ իր սեփական տանը:
Բժշկական եզրակացությունում ասվում է, որ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել:
Վրաստանի այն ժամանակվա իշխանությունների ոխերիմ ընդդիմադրի և «Իմեդի» ընդդիմադիր հեռուստաալիքի տիրոջ այդ անսպասելի մահը շատ հարցեր առաջացրեց: Սակայն Սքոթլենդ-Յարդը, որը զբաղվում էր Պատարկացիշվիլիի մահվան գործով, հետաքննություն անցկացնելուց հետո կասկածելի ոչինչ չհայտնաբերեց և որպես մահվան պատճառ նշեց սրտի նոպան:
Չնայած դրան՝ Սաակաշվիլիի ընդդիմադիրները մինչ այսօր կարծում են, որ Պատարկացիշվիլիի մահվանը հաղորդակից են եղել վրացական հատուկ ծառայությունները:
Մահվանից բառացիորեն մի քանի ամիս առաջ Պատարկացիշվիլին ուժեղ ակտիվացել էր Վրաստանի քաղաքական դաշտում:
2007թ-ի դեկտեմբերին՝ Պատարկացիշվիլիի մահվանից երկու ամիս առաջ, վրացական իշխանությունները գաղտնի արված ձայնագրություն էին հրապարակել, որն ապացուցում էր, որ օլիգարխը պատրաստվում էր Վրաստանում իշխանությունը զավթել:
Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Երեկլե Կոդուայի հետ զրույցում Պատարկացիշվիլին նրան գումար է առաջարկում երկրում պետական հեղաշրջում կատարելու և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին հեռացնելու կամ լիկվիդացնելու համար:
Զրույցը կայացել է Լոնդոնում՝ Պատարկացիշվիլիի տանը: Չնայած մանրազնին խուզարկությանը, Կոդուան, որն օլիգարխի մոտ էր ուղարկվել Վրաստանի իշխանությունների կողմից, կարողացել էր կոշիկի մեջ ձայնագրիչ ներս տանել և օլիգարխի հետ երկու ժամ տևած զրույցի ամբողջական աուդիոձայնագրությունն անել:
Պատարկավիշվիլին, որն իր կարողությունը դիզել էր Ռուսաստանում, ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու ընկերն ու բիզնես-գործընկերն էր: Սակայն կյանքի վերջին տարիներին նրանց հարաբերությունները փչացել էին:
Ձայնագրություններից մեկում Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) բարձրաստիճան պաշտոնյա Գեորգի Դգեբուաձեն խոսում է Պատարկացիշվիլիի անվտանգության ծառայության աշխատակցի հետ՝ փորձելով նրան ներգրավել միլիարդատիրոջ սպանության նախապատրաստման գործում: Խոսակցության մեջ Դգեբուաձեն հաստատում է, որ Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստումն արտոնել է Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
Ձայնագրությունում ասվում է, որ Պատարկացիշվիլիի լիկվիդացիան վստահվել է ՍԱԴ-ին:
Երկրորդ աուդիոձայնագրությունն, ինչպես պնդում է դատախազությունը, արվել է ՆԳՆ «Մոդուլ» շենքում: Դատախազության պնդմամբ՝ այդ ձայնագրությունում ներկայացված է ՍԱԴ բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցությունը, որտեղ նրանք քննարկում են, թե որտեղից ձեռք բերել տեղեկատվություն միլիարդատիրոջ տան անվտանգության ծառայության և սպասարկող անձնակազմի մասին:
Ձայնագրությունում լսվում է, որ նիստին հանդիպման մասնակիցները բացահայտ խոսում և պլանավորում են, թե ինչպես «ճիշտ» լիկվիդացնել Պատարկացիշվիլիին: Մի քանի վարկած է քննարկվում, այդ թվում՝ հետաքրքրվում են թունավոր նյութով, որը բնական մահ է առաջացնում:
Ավելին, այնտեղ խոսվում է, որ Պատարկացիշվիլիի լիկվիդացիայի բոլոր դետալները համաձայնեցվում են Դաթո Ախալայայի՝ ՍԱԴ այն ժամանակվա ղեկավարի հետ: [Ախալայան ներկա պահին Վրաստանում չէ, նա լքել է երկիրը 2012թ-ի իշխանափոխությունից անմիջապես հետո: Վրաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Նրա ձայնը չկա նաև դատախազության հրապարակած աուդիոձայնագրություններում – JAMnews]:
Մեղադրյալներին 16-20 տարվա ազատազրկում է սպառնում: