Ախալքալաքի հոսպիտալում հեմոդիալիզի սարքավորումներ տեղադրելու գործընթացը օրեցօր հետաձգվում է, պատճառը Ախալքալաքի տեղական իշխանության, Առողջապահության նախարարության, Շտապ օգնության կենտրոնի և “Էվեքս” կլինիկայի համաձայնության չգալն է։

Հավաստի տեղեկություն ստանալու համար, թե ինչու է այսքան ժամանակ հետաձգվում այս հարցի լուծումը և ինչո՞ւ “Արտակարգ իրավիճակների համակարգող և շտապ օգնության կենտրոնը” հրաժարվեց իր շենքը տրամադրել հոսպիտալին, մենք սեպտեմբերի 7-ին դիմել էինք Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը։

Հոկտեմբերի 5-ին մենք ստացանք նախարարության պատասխանը:

“Շտապ օգնության կողմից հողատարածքն ընդունելը մերժվել է, քանի որ կենտրոնը չէր կարող դադարեցնել աշխատանքը, իսկ աշխատանքներն իրականցնելու համար չկար այլ շինություն”։

Ինչպես նաև նախարարությունից մեզ տեղեկացրին, որ կլինիկա “էվեքսից” իրենց տեղեկացրել են, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և ՍՊԸ “Ունիմեդի Սամցխեի” հետ բանակցություններ են ընթացել Ախալքալաքի հիվանդանոցի տարածքում դիալիզի կենտրոնի և “Արտակարգ իրավիճակների համակարգող և շտապ օգնության կենտրոնի” տարածաշրջանային ծառայության նոր շենքի կառուցման վերաբերյալ:

«Հարցի վերաբերյալ լիարժեք պատրաստակամություն է հայտնել ՍՊԸ “Ունիմեդի Սամցխեն”, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի մերիան հրաժարվել է գործընթացն իրականցնելուց», – գրում են նախարարությունից։

Սակայն հարցի վերաբերյալ այլ պատասխան և փաստեր ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետարանը։

«Սկզբից մենք ցանկացանք, որպեսզի շտապ օգնությունը տեղափոխեինք հին հիվանդանոցի տարածք, սակայն կային չափանիշներ, որոնց պետք է համապատասխաներ շենքը, պետք է գտնվեր հոսպիտալին մոտ և պետք է լիներ պետական ճանապարհի մոտ», – ասում է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Քաղաքապետարանը հիվանդանոցից 6 սոտ հողատարածք է պահանջել, որպեսզի փոխանակեր շենքի հետ, սկզբից համաձայնել են, սակայն հետո “էվեսք” ընկերությունը պահանջել է, որպեսզի շտապ օգնության շենքը ռեեստրից հանեն:
«Մենք անգամ այդ քայլին գնացինք և դիմում ներկայացրինք շտապ օգնության կենտրոնին, որպեսզի ռեեստրից դուրս գրանցվեն, սակայն նրանք մեզ պատասխանեցին, որ համաձայն չեն։ Հողատարածք ստանալու համար մենք անգամ անգլերեն դիմում ենք ներկայացրել “էվեքսի” հոսպիտալին, նրանք վարկային հարցերը առաջ քաշեցին, մենք համաձայնվեցինք, որպեսզի մեկ տարվա վարձն էլ շենքի համար մենք վճարեինք, սակայն էլի հրաժարվեցին», – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական ծառայության մասնագետ Վահան Բաթոյանը։

Քաղաքապետարանը պատրաստ է եղել շենքը փոխել հողատարածքի հետ, սակայն դրան էլ համաձայն չեն եղել։
Քանի որ այլ միջոցներ չի մնացել կիրառելու քաղաքապետարանը դիմում է պատրաստում պետությանը նոր հողատարածք ստանալու համար, որպեսզի շտապ օգնության համար նոր շենք կառուցվի, նախ որ նախկինը ազատվի, և հետո որպեսզի շտապ օգնության խմբաքանակը շատացնեն, քանի որ շրջանը մեծ է և երկու խումբը չի բավականացնում։

Նոր հողատարածքը գտնվում է ներկայիս շտապ օգնության շենքի դիմացը, 900 քմ տարածությամբ։ Դիմումը ներկայացնելուց և համապատասխան տարածքը ստանալուց հետո գարնանը կսկսեն նոր շենքի կառուցումը։ Այնուհետև ներկայիս շտապ օգնության շենքը կտրամադրվի հոսպիտալին, թե ինչ պայմաններով դեռ պարզ չէ։

“Քաղաքապետարանը միշտ էլ պատրաստակամ է եղել այս հարցին լուծում տալու համար, քանի որ գիտենք, որ մեր մոտ այդ սարքավորումների կարիքը զգացվում է, սակայն ինչ անենք, եթե նրանք չեկան փոխհամաձայնության, հիմա արդեն ուրիշ շենք կկառուցենք”, – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի հիվանդանոցում քրոնիկ երիկամային անբավարարությունով 32 հիվանդ է գրանցված, որոնք ծառայությունը ստանալու համար տարբեր քաղաքներ և երկրներ են գնում։

Գայանե Ակոջյան