2012 թվականին ընտրություններից հետո Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը բնակարան է նվեր ստացել “Վրացական երազանքի” կողմից, փոխարենը նրանք ամեն ընտրության ժամանակ պահանջել են ցանկալի արդյունք։ Այս մասին հայտարարել է «Նոր Վրաստան» քաղաքական պլատֆորմի անդամ Թեոնա Ճալիձեն։
“Հանրային ռեեստրում ներկայացված փաստաթղթերում երևում է, որ բնակարանը հանձնվել է սակրեբուլոյի նախագահի ստորագրությամբ, որն էլ հաստատվել է 2012 թվականի հոկտեմբերի 26-ին և սեփականության է անցել նույն թվականի դեկտեմբերին։ Տիկինը սոցիալապես անապահով չէ, և իր գործունեության ընթացքում հատուկ ներդրում չի ունեցել, այս իսկ պատճառով էլ սակրեբուլոյից խնդրեցինք տվյալները։ Ցավոք, այդտեղից հայտնեցին, որ փաստաթղթերը նրանց մոտ չեն այլևս”- ասաց Թեոնա Ճալիձեն։
Նրա խոսքերով, 2013 թվականին դատախազությունը փաստաթղթերը սակրեբուլոյից տարել է և սկսկվել է հետաքննություն, սակայն մինչև հիմա արդյունքները պարզ չէ, “6 տարի է անցել մինչև հիմա չպետք է հետաքննեին”, կասկածներ կան, որ Մառանգոզյանի դեմ դատախազությունում փաստեր կան և այդ փաստերի հիման վրա էլ “երազնաքը” ազդում է Մառանգոզյանի վրա մունիցիպալիտետում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ”։
Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը հաստատում է, որ ինքը նախկին զինվորական ավանում ստացել է բնակարան, սակայն դա ընդհանրապես կապ չունի “Վրացական երազանքի” հետ։ “Տուն չունեի, այդ իսկ պատճառով էլ դիմում ներկայացրի սակրեբուլո, ինչն էլ բավարարեցին, տունը ստացել եմ 2012 թվականին մինչ ընտրությունները, երբ որ իշխանությունում “Ազգային շարժումն” էր”։
Ինչ վերաբերում է բնակարանի հանձման հարցով դատախազության կողմից հետաքրքրությանը, Մառանգոզյանն ասում է, որ իրավապահները այդ հարցով քննություն չեն սկսել, “Այն ամենից հետո, երբ որ ռուսական զորքերը զինվորական ավանները լքեցին, շատ մարդկանց հանձնեցին բնակարաններ։ Այս ամենը տեղի է ունեցել օրինական ճանապարհով և փաստաթղթերով։ Սակայն մի քաղաքացի, ում որ բնակարան չէր հասել, բողոքել էր և դրանից հետո դատախազությունը հետաքրքրվեց”։
Մինչև 2012 թվականի ընտրությունները Ախալքալաքի քաղաքապետը Նաիրի Իրիցյանն է եղել, ներկա պահին նա Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահն է։ Իրիցյանն ասում է, որ Մառանգոզյանը բնակարանն ստացել է “Ազգային շարժման” ժամանակ։ ” Այդ ժամանակ նախկին զինվորական ավանում տներ ստանալու խնդրանքով շատ դիմումներ կային, քննարկել ենք և ով որ բնակարան չի ունեցել նրանց տվել ենք, նրանց մեջ էր նաև Մառանգոզյանը։ Հետո Դատախազությունը սկսեց գործի քննություն և տարավ բոլոր փաստաթղթերը։ Այդ ժամանակ դատախազությունը կոնկրետ ինչ նպատակով էր մտել քաղաքապետարան չեմ հիշում”։
Ընդդիմադիր կուսակցության մեղադրանքների մասին տեղեկություններ չունի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, չնայած այն փաստին, որ այդ ժամանակ նա եղել է Ախալքալաքի դատախազ։
“Քաղաքացիների կողմից շատ դիմումներ էր ներկայացված դատախազություն բնակարան ստանալու նպատակով, դրա համար էլ, որոշեցինք քննություն սկսել, թե ինչ հոդվածով էինք սկսել հետաքննությունը չեմ հիշում։ Սակայն հիշում եմ, որ դա քաղաքցիական վեճեր էր և քրեական հանցանշաններ չէր պարունակում, այդ իսկ պատճառով էլ հետաքննությունը դադարեցվեց”, – ասաց Ունանյանը։
Աղբյուրը՝ sknews.ge