Ախալքալաքից դեպի Ախալցիխե, Բորժոմի և այլ քաղաքներ տանող ճանապարհի քաղաքների ուղղությունը ցուցադրող վահանակը, որտեղ գրված է՝ Բորժոմի, Բակուրիանի և սլաքն ուղղված է դեպի վերև, այսինքն՝ Ախալքալաքից դեպի Արագվա տանող ճանապարհ, դեռ չի փոխվել։ Տեղադրված օրվանից այն շփոթմունք է առաջացնում վարորդների մոտ: Առավել հաճախ մոլորվում են նրանք, ովքեր առաջին անգամ են անցնում այս ճանապարհով:
Հիմա, երբ ավելացել է բեռնատարների հոսքը, քանի որ Ռուսաստանի փոխարեն, բեռնատարները հիմա անցնում են Վրաստանի տարածքով, այս խնդիրն ավելի արդիական է դարձել: Բեռնատարները ըստ վահանակի վերև են բարձրանում, այսինքն սխալ ուղղությամբ են շարժվում, և միայն բարի մարդկանց հորդորով հետ են շրջվում: Այստեղ ևս խնդիր կա, տվյալ ճանապարհը շատ նեղ է, և հաճախ բեռնատարները հայտնվում են ճանապարհաեզրերի փոսերի մեջ, առաջացնելով վթարային իրավիճակ:
Ընդգծենք, որ այդ մայրուղին իրավմամբ տանում է Բակուրիանի, սակայն այդտեղով երթևեկել կարելի է միայն ամռանը և ամենագնացներով, քանի որ ճանապարհը գտնվում է քարուքանդ վիճակում։
Ցուցանակը տեղադրվել է «Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերության կողմից, որը հաղթել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային վարչության կողմից հայտարարված էլեկտրոնային մրցույթը՝ 5 744 000.00 լարիի չափով: Ընկրության տնօրեն Շոթա Աբուլաձեն ասում է, որ նրանք այդ վահանակը տեղադրել են՝ ըստ նախագծի։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ այդ ցուցանակի հարցը վերաբերում է ճանապարհային վաչությանը, և նրանք հիմնավորում են, որ տեղադրել են ճիշտ, բայց փոփոխություններ կատարելու համար քաղաքապետարանն արդեն դիմում է ներկայացրել։
«Այդ ուղղությամբ, ուզում ենք մի քիչ ներքև նոր վահանակ տեղադրել, որպեսզի վարորդները հասկանան, որ դա է կենտրոնական ճանապարհը, իսկ մյուսը՝ վահանակի վրա ցուցադրվող ուղղությունը՝ կարճ հատող ճանապարհն է։ Այն հարցերով, որոնք Ախալքալաքում պետք է լուծել և վերաբերվում է ճանապարհային վարչությանը, ոչ միայն այդ վահանակի հարցն է, այլև ճանապարհների վերանորոգում և այլն, մենք արդեն համապատասխան փաստաթղթերը լրացրել ենք և դիմել նրանց: Այդ ամենն ընթացքի մեջ է»:
Գայանե Ակոջյան