Տուրցխ գյուղի երիտասարդները վերջերս են վերադարձան 10-օրյա ուխտագնացությունից իրենց գյուղի հարևանությամբ, լեռան գագաթին գտնվող փոքրիկ մատուռից, նրանք լի են հավատով, որ իրենց հույսերը կկատարվեն:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում, ավանդույթի համաձայն, ամեն տարի՝ 1988-1989 թվականներից ի վեր, մայիս ամսին, մարդիկ բարձրանում են սարը, որտեղ փոքրիկ մատուռ «Վանք» է: Գյուղում այս ուխտագնացությունը կոչում են «խաչի ճանապարհ»: Նրանք Աստվածամոր արձանը գյուղի եկեղեցուց տանում են մատուռ և 10 օր մնում են լեռան վրա: Իսկ այն բնակիչները, ովքեր 10 օրվա ընթացքում չեն կարողանում լեռան վրա մնալ, աղոթքով բարձրանում և աղոթքով իջնում են, Աստվածածնին պատմում և խնդրում են իրենց հույսերի և ցանկությունների մասին: Ավանդույթը հիմնադրել է վարդապետ Անդրեյ Յանիցկին, որը գյուղ է եկել 1989 թ.-ին:
Գյուղի «Լուրդիա Կույս» կոչվող Աստվածամոր արձանը միշտ եկեղեցում է գտնվում: Միայն ուխտագնացության այս 10 օրերի ժամանակ նրանք այն տանում են «Վանք», հետո երբ արդեն վերադառնում են, մի քանի օր էլ տեղափոխում են գյուղի մեկ այլ փոքրիկ աղոթատեղի, որպեսզի Աստվածամոր արձանի առջև կարողանան աղոթել նաև նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել բարձրանալ լեռը:
«Այս տարի ես նույնպես բարձրացա լեռը, մենք այնտեղ մնացինք 10 օր, հետո, երբ մենք իջանք՝ «Լուրդիա Կույսը» փոքրիկ Վանքում դրվեց»,- ասում է Զուրաբ Նոնոյանը:
Գյուղում հավատում են այս արձանի հզորությանը եւ մեծ հպարտությամբ ասում են, որ աշխարհում գոյություն ունի Աստվածամոր միայն 7 այսպիսի արձան, որոնցից մեկը գտնվում է Տուրցխ գյուղում: Սակայն երբ և ինչպես է արձանը հայտնվել գյուղում, բնակիչները չեն հիշում:
Մկրտիչ Էլյազյանը հիշում է, որ սրբապատկերի գլխի վրա մի ժամանակ ոսկե լուսապսակ է եղել, որը տարիներ առաջ, խորհրդային ժամանակներում գողացվել է:
Այս տարի շատ մարդիկ բարձրացան լեռը, բայց նրանցից շատերը զորակոչիկներ էին:
Ջավախքի երկու կաթոլիկ հովիվներից մեկը բնակվում է Տուրցխ գյուղում, իսկ մյուսը՝ Հեշտիայում: Նրանք իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում իրենց գյուղերում, եւ դա բացատրում է, թե ինչու այդ գյուղերի բնակիչները՝ տեղի բնակչության շրջանում, համարվում են ավելի կրոնական եւ ավելի քաջատեղյակ կաթոլիկ եկեղեցու կանոններին:
Գյուղի կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1895 թ.-ին եւ չի փակվել նույնիսկ խորհրդային ժամանակներում:
Գյուղի բնակչությունն, ըստ 2014 թ. մարդահամարի, կազմում է 759 մարդ, հիմնականում այստեղ հայ կաթոլիկներ են ապրում:
Բրատիսլավ Իգիթխանյան