Այսօր, ապրիլի 5-ին Ջավախքի փոխանորդությունում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի պաշտոնական ընդունելության արարողությունը:
Դեռ մարտի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում: Նա նշանակվել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացնելով նորանշանակ փոխանորդին, հույս հայտնեց, որ նրա հոգևոր ծառայությունն արգասաբեր և ի նպաստ կլինի Հայ Առաքելական Եկեղեցու:
«Սա պատմական օր է: Ջավախքի փոխանորդությունում գործում է 48 եկեղեցի և մատուռ, 4 կրթամշակութային կենտրոն, ծառայում է մեկ աբեղա և 9 քահանա, 3 սարկավագ, այս հենքով սկսում է իր ծառայությունը Մաղաքիա վարդապետը ի նպաստ մեր եկեղեցու», – իր խոսքում նշեց թեմի առաջնորդը:
Իր հերթին նորանշանակ փոխանորդը պատրաստակամություն է հայտնում միասնաբար ու մեծ պատասխանատվությամբ ծառայել ջավախքահայությանը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել ձեզ հետ, լինել ձեզանից մեկը: Ես ակնկալում եմ բոլորի օժանդակությունը բոլոր մշակութային ու կրոնական խնդիրները միասնաբար լուծելու: Ես մի շատ լավ բանաձև ունեմ, առաջին հերթին հոգևորականն է մոտենալու ձեզ, երկրորդը՝ դուք երբեք ու երբեք չպիտի բաց թողնեք այն մեկնած ձեռքը, որը մեր բոլորի օգտակարության համար է: Ես իմ առջև նպատակ ունեմ, որ պետք է լինեմ մեր ջավախքահայոց բոլոր գյուղերում և շեներում: Տուն առ տուն ծանոթանալով բոլոր մեր հայրենակիցներին: Լինելով հայ-վրացական բարեկամության երկարամյա մի ժողովրդի մասնիկը միասնաբար շատ բաներ պիտի անենք, որպեսզի այստեղ, այս հողի վրա մեր եկեղեցին ավելի զորանա», – ասաց Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ սովորական մարդկանց համար հոգևորականի ներկայությունը պետք է տեսանելի լինի իր կողքին: Եվ միաժամանակ վստահեցրեց, որ Արգենտինայից հետո Ջավախքում ծառայելն իր համար պատիվ է:
«Շատերն ինձ հարցնում են՝ ինչպես ես Արգենտինայից հետո Ջավախք գնալու: Ես հայտարարում եմ, որ Արգենտինայից հետո Ջավախքում ծառայելն ինձ համար պատիվ է: Դեռևս չգիտեմ թե ջավախքահայությունն ինչ ակնկալիք ունի, բայց ես շատ մեծ ակնակալիք ունեմ»,- նշեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը
Հոգեշնորհ Հայր Սուրբը ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցի իր անդրանիկ Պատարագը:
Աղունիկ Այվազյան