Փետրվարի 7-ից սկսվում է Առաջավորաց պահքը: Մեծ պահքից երեք շաբաթ առաջ՝ Սուրբ Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից սկսվում է առաջավորաց պահքը: Այս տարի այն փետրվարի 7-ից 11-ն է:
Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:
Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորին մկրտելուց առաջ, 65 օր գիշեր-ցերեկ շարունակ քարոզեց, խրատեց, սովորեցրեց, գոտեպնդեց` իմաստուն բժշկի պես ջանալով գտնել օգտակար դեղը, աղոթքով հայ ժողովրդին պատրաստեց Ավետարանի վեհ պատգամների համար, ապա սահմանեց հնգօրյա ծոմապահություն՝ ի հիշատակ Հայաստանի լուսավորության: Թագավորներն ու նախարարները, հինգ օր ծոմ պահելով, փրկվեցին իրենց տանջող ցավերից ու հիվանդություններից: Գրիգոր Լուսավորիչը հաստատեց այն ի հիշատակ վերոհիշյալ փրկչական ծոմապահության և պատվիրեց ամեն տարի շարունակեն նույնությամբ: Եվ քանի որ այս պահքը առաջինը եղավ Հայաստանում, ուստի կոչվեց «Առաջավորաց պահք» և համարվեց հայոց առաջին ազգային պահքը: Այս պահքի հինգերորդ՝ ուրբաթ օրը, պահոց օր լինելով հանդերձ, Հովնան մարգարեի հիշատակության օրն է՝ իբրև ապաշխարության և ծոմապահության օրինակ: Իսկ հաջորդ՝ շաբաթ օրը, տոնում ենք Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Այստեղից էլ առաջացել է Առաջավորաց պահքի թյուրիմացաբար Սուրբ Սարգսի պահք անվանումը: Քանի որ ըստ եկեղեցական կանոնի՝ սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետևաբար Սուրբ Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ, բայց ընդհանրացված թյուրիմացությունը շարունակվում է գործածվել: Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է:
Ի տարբերություն մյուս պահքերի՝ Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցում Սուրբ Գիրք կամ Ավետարան չի կարդացվում և Սբ. Պատարագ չի մատուցվում, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է հիշատակվում: Ադամի և նահապետների ժամանակ «Գիրք և Մարգարէք» գոյություն չունեին: Եվ քանի որ այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից և Ավետարանից առաջ կային, ուստի այս պահքը պահում ենք առանց ընթերցումների ու Պատարագների: Իսկ ուրբաթ օրը կարդացվում է Հովնանի մարգարեությունը՝ Նինվեի ազատության համար:
Ինչպես նշվեց Առաջավորաց պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հայ ժողովուրդը հինգ օր ապաշխարության պահքի մեջ եղան: Բացի նշված բացատրությունից եկեղեցու հայրերը հնգօրյա պահքի հետևյալ բացատրություններն են տալիս:
Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է, որոնցով մեղքն առաջին անգամ մտավ մարդու մեջ, և հաջորդեց մահը: Որովհետև Ադամն իր աչքերով՝ տեսողության զգայարանով, տեսավ ծառն ու այն ցանկացավ, ականջով լսեց խաբողի ձայնը, որն իրեն հաճելի թվաց, ապա ոտքով գնաց դեպի ծառը, շոշափելիքով հպվեց պտուղին ու քաղեց այն: Այնուհետև ռունգերով զգաց անուշահոտությունը, ճաշակելիքով՝ քաղցրությունը, և դատապարտվեց: Այսպես էլ այժմ մենք ենք հինգ զգայարաններով գործում բոլոր մեղքերը, որոնց համար էլ հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները: