Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշումը, ըստ որի սահմանված են այն վայրերը, որտեղ թույլատրելի է և որտեղ արգելված է փակցնել նախընտրական գովազդային պաստառները, հաստատվել էր դեռ 2016 թվականին, սակայն դրան չհետևեց կրկնական որոշումը, քանի որ այս հարցում փոփոխություններ չկան, բայց որոշման գոնե կրկնակի հրապարակումը նույնպես չի կատարվել:

Որոշումը, որը մատնանշում է կոնկրետ վայրերը, որտեղ արգելվում է քարոզչական գովազդային պաստառներ փակցնել, հաստատվել է 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Շրջանային ժողովի կողմից: Այս որոշումը ընդունվել է Վրաստանի Ընտրական և Տեղական ինքնակառավարման մասին օրենսգրքերի հիման վրա:

Չնայած «Վրաստանի Ընտրական օրենսգրքի» 46-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի պահանջներին, ըստ որի ընտրությունների նշանակման օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, մունիցիպալ իշխանությունները պարտավոր են հրապարակել որոշում՝ նախընտրական քարոզարշավի համար թույլատրված եւ արգելված վայրերի մասին, Ախալքալաքի մունիցիպալիտետը 2016 թվականի օգոստոսի 5-ից չի թարմացրել Որոշում №21-ի հրապարակումը: Մունիցիպալիտետի Սակրեբուլոյում մեզ ասացին, որ չեն ընդունել նոր որոշում, քանի որ այս հարցում ոչինչ չի փոխվել եւ ուղարկել են (խմբ. Շրջանային Ընտրական Հանձնաժողով) հին որոշումը:

Այսպիսով, որոշման համաձայն, արգելվում է քարոզչության համար օգտագործել բոլոր մունիցիպալ կառույցները, այդ թվում `Մշակույթի տունը, եկեղեցիները եւ մշակութային ժառանգության հուշարձանները, ոստիկանության, դատարանի, պահակային շենքերը եւ այլ պետական կառույցներ: Պաստառները կարելի է փակցնել մասնավոր սեփականության վրա ՝սեփականատիրոջ համաձայնությամբ, ինչպես նաեւ Ախալքալաքի կենտրոնական այգու հայտարարությունների ցուցադրափեղկի վրա: