Տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում կանցկացվեն 2021 թվականի հոկտեմբերի 2-ին: Այսօրվա դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում ընդամենը երեք քաղաքական ուժ է առաջադրել քաղաքապետի թեկնածու: Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն Ախալքալաքում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Մելիք Ռաիսյանին: JNEWS-ը հրապարակում է տեղեկատվություն նրա քաղաքական ուղու, փորձի և իր անունով գրանցված սեփականության մասին:
Մելիք Ռաիսյանը ծնվել է 1961 թ.-ին Ախալքալաքում: Բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանում, ավարտել է Պետական տնտեսագիտական համալսարանը: Քաղաքականություն մտնելուց առաջ մինչև 1993 թվականն աշխատել է Ախալքալաքի ռուսական ռազմաբազայում: Գրեթե 30 տարի է քաղաքականության մեջ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ երկու տղա և աղջիկ:
«Մասնակցելով ընտրություններին, ես ուզում եմ ցույց տալ ամենաթույլ և ամենաանօրինական օղակները կառավարման համակարգում: Ես ոչ թե քաղաքապետ եմ ուզում լինել պաշտոնի համար, հասկանում եք, որ ինձ պաշտոն պետք չէ, այլ որպեսզի օրինականություն, կարգապահություն հաստատեմ: Այսպես անհնար է, տեսեք 5 Հէկ են սարքում Ախալքալաքում, ամոթ է, փոխարենը խաղահրապարակ են կառուցում, հասկանում եք, ի՞նչ է կատարվում: Տեղական ինքնակառավրաման մարմինը պետք է լինի տեղական ինքնակառավարման մարմին»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը:
Քաղաքական գործունեությունը
Սկսած 1993 թվականից Ռաիսյանը քաղաքականությունում է, եղել է «Քաղաքացիների միություն» կուսակցության անդամ: Երեք անգամ ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր՝ 1995, 1999 և 2003 թվականներին:
Առաջին անգամ՝ 1993-ին, նա ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով՝ «Քաղաքացիների միություն» կուսակցությունից, երկրորդ անգամ՝ 1999 թ.-ին նույն կուսակցությունից, իսկ երրորդ անգամ՝ համամասնական ընտրակարգով 2003 թ.-ին «Ազգային շարժում» կուսակցությունից:
2012 թ.-ին անդամագրվել է այդ ժամանակ ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությանը և նույն տարում հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ: 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Ռաիսյանը վերադարձել է (2013 թ. փետրվարի 19-ին) Վրաստան:
Արդեն 2017 թվականին առաջադրվել է Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու՝ «Կախա Կուկավա–ժողովրդավարական շարժում» կուսակցությունից:
Իսկ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է պատգամավորի մեծամասնական թեկնածու:
Բիզնես և սեփականություն
Ռաիսյանը 2013 թ.-ին գրանցել է «Արդարություն և օրինականություն» ոչ առևտրային իրավաբանական անձը: Տիրապետում է «AG Trade House» ՍՊԸ-ի 50%-ին, որը գրանցվել է 2009 թ.–ին և լուծարվել է գրանցումը մերժելու արդյունքում: Նա նաև «Ալեքս իմպորտ ընկերություն» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է:
2008 թվականին, իր կրտսեր որդու՝ Կառլոս Ռայիսյանի անունով, գրանցել է բենզալցակայան Ախալցիխե-Բակուրիանի ճանապարհին, ինչպես նաև օբյեկտ, որը գտնվում է Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին, այն Հանրային ռեեստրում գրանցված է որպես խանութ:
«Գազի գրասենյակի» նախկին շենքը՝ Ազատության փող. 104-ում գրանցված է «Rai-sg» ԲԸ-ի վրա, իսկ Թամար Թագուհու փող. 56-ում գտնվող «Կենցաղի նախկին տան» շենքը Գեորգի Մխչյանի անունով է:
Մելիք Ռաիսյանը իր քաղաքական գործնեության ընթացքում հայտարարագիր է լրացրել 10 անգամ, իսկ վերջին անգամ լրացրել է 2008 թվականին:
«Ոչ մի բան չունեմ, ոչ մի ունեցվածք, մի մեքենա ունեմ 3000 դոլարանոց, որն էլ որդուս անունով է գրանցված»:
JNEWS. Եթե հաղթեք առաջիկա ընտրություններում և դառնաք Ախալքալաքի քաղաքապետ, առաջնահերթ ինչը կփոխեիք մեր քաղաքում:
«Աստված չանի հաղթեմ (խմբ. ծիծաղում է), բայց եթե ընտրվեցի միանգամից ոստիկանության շենքի դիմացի պատը կքանդեմ, շրջեք ամբողջ Վրաստանում, որևէ տեղ կա՞ նման բան, միայն Ախալքալաքում է այսպես, իսկ մյուս շրջաններում ամբողջ շենքն է թափանցիկ՝ ապակյա: Այնուհետև բյուջեն ճիշտ կբաշխեի, ոչ թե ՊԱԾ-ը բաժանի ռեգբիի հավաքականին կամ Ախալցիխեի դրամատիկ թատրոնին: Կամ տեսեք Դադեշ գյուղում 3 անգամ է ջուր են քաշել, 2,5 մլն լարի են ծախսել, բայց մարդիկ մինչև օրս ջուր չունեն, դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, հասկանում եք 2,5 միլիոն բյուջեից կերել են: Ես չեմ գալիս նոր հեծանիվ ստեղծելու, ես գալիս եմ օրինականություն հաստատելու»,- ասում է քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը: