ՏԻՄ ընտրությունների նախաշեմին jnews-ը հարցազրույցների շարք է ներկայացնում, որտեղ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուները իրենց տեսակետներն են արտահայտում: Մեր զրուցակիցն է «Վրաստանի հայրենասերների դաշինքի» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը:

Պարոն Պետրոսյան, ժամանակին եղել եք Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Ախալքալաքի ոստիկանապետ և այլ պաշտոններում, ինչը ձեզ դրդեց, որ այսօր առաջադրվեք որպես Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու:

– Ոչ միայն մեր շրջանը, այլ ամբողջ Վրաստանը կանգնած է լուրջ պրոբլեմի առաջ, թուրք-ադրբեջանական էքսպանսիայի, անզեն աչքով երևում է, որ ազերները Վրաստանը վերցնում են: Ախալքալաքի շրջանի մեջ նույն այդ գործընթացն է շարունակվում: Այսօր ազերները եկել են Ախալքալաքում օբյեկտներ են բացել, որտեղ տղամարդկանց մուտքն արգելված է: Սա ինձ համար վիրավորական է: Դրա համար էլ որոշեցի առաջադրվել:

Ինչպես է անցնում ձեր դաշինքի քարոզարշավը, որևէ խոչընդոտի կամ դժվարության հանդիպել եք այս ընթացքում:

– Երեկ մենք ավարտեցինք մեր ընտրարշավը, 98 տոկոսով մենք գյուղերը անցել ենք, մնացել է մի երկու երեք գյուղ, քանի որ շրջանում գյուղատնտեսական աշխատանքները չեն ավարտվել, այնուամենայնիվ մենք ունենք քարոզչական մեքենա, ձայնագրված մեր ծրագիրը բարձրախոսից ու ես ասեմ, որ դա բավականին էֆեկտ տվեց: Ինչ վերաբերում է խոչընդոտներին, ուրեմն ասեմ՝ ըստ իս չկա մի ուժ, որ կարողանա շրջանի մեջ խոչընդոտներ ստեղծի, այնուամենայնիվ փորձել են մյուս քաղաքական ուժերը, անօրինական քայլերի դիմել և օգտագործել: Շատ ակտիվ ձևով օգտագործեցին վարչական ռեսուրսները: Մենք ինֆորմացիայի ենք տիրապետում, որ ժողովրդին վախեցնում են, որ եթե չգնան և ձայն չտան իրենց օգտին, ապա կազատեն աշխատանքից: Մեր քաղաքական հակառակորդները ևս մի սխալ քայլի դիմեցին և օգտագործեցին բյուջեի գումարները:

Ինչ եք խոստանում ձեր ընտրողին:

– Ճիշտ է կա բավականին չլուծված սոցիալական, տնտեսական, կենցաղային և այլ հարցեր, այնուամենայնիվ ինձ համար առաջնային է պահպանել ազգային փոքրամասնությունների իրավունքը: Զուգահեռ լուծել այն չլուծվող հարցերը, որոնք այսօրվա դրությամբ կանգնած են մեր ժողովրդի առջև: Առաջինը մենք պետք է չսպասենք որ սամսարցին, կարծախցին կամ մոդեգամցին, որոնք այսօր սոցիալական ծանր վիճակի մեջ են գտնվում իրենք գան Ախալքալաք դիմում գրեն, սա սխալ է: Հատուկ հոդված կա, որ պետք է անպայման հատուկ սոցիալական ծանր վիճակի ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերվի, ուրեմն մենք այսօր սպասում ենք, մարդիկ գան դիմում գրեն և ստանան այդ օգնությունը: Ըստ ինձ այդ հարցը պետք է լուծվի հետևյալ ձևով, քանի որ օգնությունը տալիս է գամգեոբան և տարին մեկ անգամ, ինձ թվում է ճիշտ կլինի, որ մենք ինքներս ունենաք ցուցակ հավաքած յուրաքանչյուր գյուղից, և մշտական ցուցակը պետք է վերանայվի:

Իսկ ենթակառուցվածքային զարգացման ինչ քաղաքականություն եք վարելու:

– Այսօր գլխավոր հարցերից մեկն այն է, որ յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր ընտանիքի մենք կարողանանք հասցնենք խմելու ջուրը: Զուգահեռ պետք է անպայման ոռոգման ջրի հարցը լուծենք: Ամեն գյուղ պետք է բուժկետ ունենա: Ծանր վիճակ է ստեղծվել նաև կրթության ոլորտում, բայց Վրաստանի օրենքի համաձայն դպրոցները ենթարկվում են նախարարությանը: Շրջանի ղեկավարությունն այսօրվա դրությամբ իրավունք չունի մտնելու ուսումնասիրելու, օգնելու, լավացնելու դպրոցի կյանքը: Իմ կարծիքով սա սխալ է: Պիտի պայքար տանեմ, որ օրենքի մեջ փոփոխություն մտցվի: Տնտեսական հարցերի հետ կապված, բոլորս էլ գիտենք որ մենք կարտոֆիլ ենք արտադրում, բայց շուկա չունենք: Եթե մթերման կետ ստեղծենք, և ժողովրդից կարտոֆիլը գնենք 1 լարիով, հետո վերավաճառենք ավելի թանկ, պատկերացրեք այս դեպքում ինչքան մեծ օգուտ կարող ենք բերել Վրաստանի պետությանը:

Եթե դառնաք Ախալքալաքի քաղաքապետ, ինչ փոփոխություններ եք անելու, ծրագրային որևէ ուղղվածություն ունեք, մշակութային ոլորտին եք ավելի ուշադրություն դարձնելու, կամ օրինակ քաղաքի արտաքին տեսքին, որն է լինելու ձեր անելիքը:

– Եթե ես դարձա քաղաքապետ, ապա կդառնամ քաղաքապետ ոչ թե միայն իմ քաղաքական ուժի համար, այլ բոլոր ուժերի համար, ժողովրդի համար: Ինձ համար բոլորը կլինեն մեկ, կարևոր է որ ես պաշտպանեմ օրենքի դաշտը: Առաջին հերթին ես կկազմեի իմ աշխատողների կաբինետը: Ոչ մեկ չմտածի, որ եթե ես եկա իշխանության, ուրեմն կսկսեմ մաքրել: Եթե մարդ թեկուզ իմ դեմ քվեարկի, բայց ինքը լավ մասնագետ է, միանշանակ այդ մասնագետը կմնա այդ աշխատանքին:

Պարոն Պետրոսյան ինչքան եք գնահատում ձեր ընտրվելու հավանականությունը:

– Եկեք տոկոս չասեմ, ասեմ որ ուր գնացել եմ ինձ ժողովուրդը նորմալ ընդունել է: Տեսնենք, ժողովուրդը ում որ ձայն տվեց: