Ախալքալաքի փողոցներում էլի շատացել են անօթևան շները։ Մարդիկ վախենում են առավոտ վաղ կամ ուշ ժամերին տնից դուրս գալ, քանի որ որոշ փողոցների անկյուններում շների խմբի կարող են հանդիպել։

Մեր խմբագրություն ահազանգ ստացանք Վազգեն Սարգսյան փողոցի, նախկին զինվորական ավանի, Աղմաշենեբելի փողոցի բարձրահարկ շենքերի և քաղաքի կենտրոնի բնակիչներից։ Նրանք ասում են, որ մի ժամանակ անօթևան շները չէին անհանգստացնում, բայց մի ամիս է, ինչ նորից սկսել են խմբերով ման գալ ու հարձակվել մարդկանց վրա: Բնակիչները ենթադրում են, որ դրանք ապաստարան տեղափոխված շներն են ետ վերադարձվել։

Ախալքալաքի շրջանի տեղական բյուջեն այս տարի կրկին 25 423 լարի չափով գումար է հատկացրել անօթևան շներին ապաստան տեղափոխելու համար: Տենդեր-մրցույթի հաղթողը Մարինա Ջանելիձեն է Օզուրգեթիից։

Ըստ Վրաստանի կենդանիների պաշտպանության ֆեդերացիայի, անօթևան շներին պետք է տանեն ապաստան համապատասխան բուժում և ստերիլիզացում անցկացնեն և նորից վերադարձնեն Ախալքալաք։

Ախալքալաքի քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի պետ Վաչագան Ծորմուտյանն արդեն երկու ամիս է ինչ անօթևան շների ապաստան տանելու հարցով է զբաղվում և նա հաստատեց, որ ապաստանից շուն ետ չի բերվել։

“Այդ ընթացքում երկու անգամ են եկել շուն տանելու, սկզբում տարել են 13, հետո 21 շուն։ Դեռևս ոչ մի շուն ետ չեն բերել իմ աշխատանքի ժամանակահատվածում”, – ասաց Վաչագան Ծորմուտյանը։

Վերջին անգամ, երբ տարել են անօթևան շներին, ոչ միայն քաղաքից այլ գյուղերից էլ են տարել. Թոթխամից, Կարտիկամից և Բուզավեթից։

Ըստ Ծորմուտյանի, նրանց պայմանագրում շների ետ վերադարձման կետ չկա։

Կարգն այսպիսինն է, գյուղերի կամ քաղաքի լիազոր անձը քաղաքապետարան պետք է ներկայանա և տեղյակ պահի իր գյուղում կամ քաղաքի տվյալ տարածքում շների մասին, այնուհետև, երբ գան շներին տանելու, ըստ նրանց տեղեկության այդ տարածքներից շները կհեռացվեն։

“Այո իրոք կա այդ խնդիրը, շատացել է անօթևան շների քանակը և քաղաքում, և գյուղերում։ Համենայնդեպս պետք է փորձենք, որպեսզի մինչև տարեվերջ քանակը քչացնենք”, – հավելեց Վաչագան Ծորմուտյանը։

Մոտակա օրերին նույնպես սպասում են կազմակերպության ներկայացուցիչներին։

Գայանե Ակոջյան