Այս տարի Վրաստանի բուհերում սովորել ցանկացող հայալեզու դիմորդների թիվն ավելացել է, սակայն ընդունվողների քանակը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է:
Այս տարի Ախալքալաքի շրջանում դպրոցն ավարտել է 509 շրջանավարտ: Վրաստանի բուհեր 1 + 4 ծրագրով ընդունվելու համար միասնական ազգային քննություններին մասնակցել են 561 հայազգի դիմորդ՝ Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցխայի շրջանից, ինչպես նաև Թբիլիսիից և Վրաստանի այլ շրջաններից: Նրանցից 424-ը դարձել են վրաստանի բուհերի նախապատրաստական կուրսի ուսանող: Ընդունվածներից 93-ը ստացել են պետական դրամաշնորհ, այսինքն նրանք սովորելու են անվճար, իսկ 331-ը` ուսման համար վճարելու են:
Հայալեզու ուսանողները հիմնականում ընդունվում են Թբիլիսիի համալսարաններ, մասնավորապես Ջավախիշվիլիու և Իլյա Ճավճավաձեի անվան համալսարան:
2017 թ.-ին 1 + 4 ծրագրով Վրաստանի բուհեր ընդունված դիմորդների քանակը 447-ն են: 2010 թվականից 1 + 4 ծրագրով Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդունվում են համալսարան, իրենց մայրենի լեզվով հանձնելով ընդհանուր հմտություններից մեկ քննություն: Նրանք ընդունվում են նախապատրաստական կուրս, մեկ տարի սովորում են վրացերեն, ապա ընդունվում են բակալավրիատ: Ամեն տարի Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվն ավելանում է:
2016 թ.-ին Վրաստանի բուհեր ընդունվել են 300 հայալեզու դիմորդ: 2015 թվականին ընդունվել էին 219, 2014 թ.-ին՝ 217 մարդ, 2013 թ.-ին Վրաստանի բուհերի ուսանող են դարձել 186 մարդ:
Շուշան Շիրինյան