Ախալքալաքի շրջանում թվով 4 կով է սատկել ինֆեկցիոն դերմատիտ հիվանդությունից: Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բաժնում ասում են, որ անհանգստանալու կարիք չկա, ինֆեկցիան կանխված է:
Արդեն մեկ ամիս է, ինչ Ախալքալաքի շրջանում քննարկման թեմա է դարձել կովերի հիվանդությունը: Մարդիկ վախենում են հանկարծ իրենց կովը չվարակվի: Կոկիո, Կաջո, Կուլիկամ, Կարտիկամ գյուղերում կովեր են սատկել:
«Հիվանդությունը “Բնական դերմատիտն” է, մեր հարևան երկրներում է տարածված այս վիրուսը, այն տարածվել է տզի միջոցով։ Հիմա մենք այս հիվանդության կանխարգելման համար պատվաստում ենք իրականացնում Սամցխե-Ջավախեթիի գյուղերում», – ասաց Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանաի բաժնի տնօրեն Լիա Բեքաուրին։
Սատկած կովերի տերերը ասում են, որ սկզբից չեն իմացել, որ անասունը հիվանդ է եղել, իսկ երբ նկատել են ու համապատասխան սրսկումներն են արել, արդեն ուշ է եղել: Ամեն սեփականատեր մեկ օրում 1200-1500 լարի արժողությամբ կով է կորցրել:
Մարդիկ նույնիսկ վախենում են կովի կաթը կամ պանիրը օգտագործել: Հանկարծ հիվանդությունը չտարածվի: Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախք տարածաշրջանի բաժնի տնօրենը հանգստացնում է, վախենալու առիթ չկա: Վիրուսը կենդանիներից մարդկանց չի անցնում։
«Կաթն եփելուց հետո յուրաքանչյուր հիվանդություն վերանում է: Բացարձակ անվտանգ է: Պարզապես մարդիկ այս օրերին վակցինացիաներից խուսափում են, քանի որ պատվաստանյութից հետո կովի կաթը 7 օր օգտագործել չի կարելի: Երբ որ անասունը դերմատիտ ունի, այդ կովի կաթը նույնպես օգտագործել չի կարելի։ Մենք աշխատում ենք բուժելու և վակցինացիա անելու ուղղությամբ», – նշում է Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախք տարածաշրջանի բաժնի տնօրեն Լիա Բեքաուրին:
Հարուցիչը փոխանցվում է առողջ կենդանիներին արյունածույծ միջատների՝ քոռուկների, մոծակների ու մլակների միջոցով, այդ պատճառով էլ այն արձանագրվում է ամռան սկզբին, երբ նկատվում է խայթող միջատների զանգվածային բազմացում: Ինֆեկցիայի աղբյուր են հանդիսանում հիվանդության գաղտնի շրջանում գտնվող, կլինիկապես հիվանդ և հիվանդացած–առողջացած կենդանիները, որոնք հարուցիչը արտաքին միջավայր են արտազատում մաշկի մեռուկացած հատվածների, կաթի, արյան և սերմնահեղուկի հետ:
Թարմ համաճարակային օջախներում հիվանդացությունը հասնում է 50–75%, նույնիսկ 100%, սակայն մահացությունը չի գերազանցում 10 տոկոսը: Կլինիկապես հիվանդությունը արձանագրվում է 3–30 օր, միջինում 7–10 օր տևող գաղտնի շրջանից հետո: Մարմնի ընդհանուր ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40.5–41 աստիճան, նկատվում է ընկճվածություն, ախորժակի նվազում, որոճի դադարում, իսկ 1–2 օր անց ենթամաշկային բջջանքում առաջանում են կլոր, կամ երկարավուն 0.5–7 սմ երկարություն և 0.5 սմ բարձրություն ունեցող հանգույցներ:
Աղունիկ Այվազյան