Ախալքալաքի Խանդո գյուղի բնակիչները դիմում են Տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի գոնե ասֆալտապատեն գյուղամիջան ամենաբանուկ ճանապարհը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ տեղյակ են խնդրի մասին, սակայն այս տարի Խանդո գյուղում ասֆալտապատման ծրագիր չունեն, տեղական բյուջեի միջոցները սահմանափակ են։

«Տեսեք երկու կողմից ասֆալտը շատ լավ եկավ, բայց հենց դեպի գյուղ ես թեքվում ճանապարհ չկա, անձրևոտ եղանակներին գյուղը ցեխի մեջ է հայտնվում, իսկ արևոտ եղանակներին՝ փոշու», – ասաց Խանդո գյուղի բնակիչ Սերյան Հակոբյանը։

papikner 1

Գյուղապետն ասում է՝ մինչև շրջանի հեռավոր գյուղեր տանող ճանապարհները չասֆալտապատվի, իրենց գյուղամիջան ճանապարհի մասին խոսք չի կարող լինել։

«Այս հարցի պատասխանն ինձանից լավ գիտեք, քանի որ ասֆալտապատումն իրականացվում է այն գյուղերում, որոնք ծայրամասային են և ընդհանրապես ճանապարհ չունեն, քանի այնտեղ մինչև վերջին գյուղերը ասֆալտապատում չասֆալտապատվեն, մենք չենք կարող իշխանություններին խնդրել, որպեսզի մեր գյուղի մեջ ասֆալտապատեն։ Քիչ չէ, 4կմ տարածք է, հասկանում ենք, որ պետությունն այսօր այդ հնարավորությունը չունի։ Շրջանի բյուջեն չի բավարարվում, որպեսզի ասֆալտապատում անենք, բայց ցանկալի է, ժողովուրդը ցանկություն շատ ունի, բայց հասկանալով կարող ենք ասել, որ այսօր այդքան հնարավորություն չկա»,- ասում է Խանդո գյուղի գյուղապետ Աշոտ Սահարյանը։

papiker

Ախալքալաքի քաղաքապետարանից Jnews-ին հայտնում են, որ Խանդո գյուղի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատում այս տարի նախատեսված չէ։

«Այս տարի ոչ նախագիծ ունենք, ոչ էլ ասֆալտապատում է նախատեսված։ Եկող տարի կունենանք, թե՞ ոչ, չեմ կարող ասել, քանի որ մեջ բյուջեն սահմանափակ է։ Տեղյակ եք, այս տարի տեղական բյուջեի և Տարածաշրջանային հիմնադրամի միջոցներով կառուցում ենք Խանդոյի ձորի ճանապարհը, որը գյուղը միացնում է Ախալցիխե տանող կենտրոնական ճանապարհին»,- ասում է քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Xando

Խանդոն, Ախալքալաքի շրջանի մեծ գյուղերի շարքին է պատկանում։ Այս գյուղից համեմատաբար ավելի քիչ են արտագաղթում։ Մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ։ Այսօրվա դրությամբ գյուղում մոտավոր 300 ընտանիք է ապրում։