Այսօր, Սամցխե-Ջավախքի նորանշանակ նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին աշխատանքային և ճանաչողական այցով եղավ Ախալքալաքում և Նինոծմինդայում: Նա տեղում ծանոթացավ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ:
Ախալքալաքում նահանգապետը հանդիպում ունեցավ քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքապետի, Սակրեբուլոյի նախագահի և խորհրդարանի պատգամավորի հետ:
Աշխատանքային հանդիպումն ընթացավ դրական մթնոլորտում: Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչները նահանգապետին ներկայացրին շրջանում առկա խնդիրները՝ ասֆալտապատում, ջրամատակարարում, աղբահանություն, դպրոցաշինություն, տուրիզմ, սահմանամերձ գյուղերում հաճախակի գողություններ:
Սամխցե-Ջավախքի նահանգապետի և Ախալքալաքի տեղական իշխանությունների հետ հանդիպումը տևեց մոտավոր մեկ ժամ:
Նահանգապետը Jnews-ի հետ զրույցում նշեց. «Տեղում իմացանք և քննարկեցինք գոյություն ունեցող խնդիրները և մոտ ապագայում համատեղ կաշխատենք դրանց լուծման ուղղությամբ: Մենք ծրագրում ենք հետագայում ևս ինտենսիվ կապ պահպանել մունիցիպալիտետների հետ: Հենց տեղում ծանոթանալ ու լսել խնդիրների մասին, ինչպես նաև մենք սերտ ու անմիջական կապ կհաստատենք բնակիչների հետ», – ասաց Բեսիկ Ամիրանաշվիլին:
Նահանգապետն Ախալքալաք այցի շրջանակներում եղավ նաև Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցում: Տեղում ծանոթացավ դպրոցի գործունեությանը, խոսեց թե մանկավարժների, և թե վրացերենի ուսուցման հատուկ կուրսերն անցնող մարդկանց հետ:
Ախալքալաքից հետո նահանգապետի ճանաչողական այցը շարունակվեց Նինոծմինդայում:
Աղունիկ Այվազյան