Ախալքալաքի Շահումյան փողոցի բնակիչներն ահազանգում են, որ ամեն գիշեր անսովոր միջատները հազարներով հարձակվում են իրենց տների վրա։
Շահումյան փողոցի բնակիչներն այսօր դիմել են տեղի իշխանություններին: Ինչպես վերջիններս պատմել են, քաղաքի այս հատվածում գիշերը նախկինում նրանց համար անծանոթ հազարավոր միջատները դուրս են գալիս փողոց և ծակերից ներթափանցում տներ: Միջատները նման են հարյուրոտանիներին։ Փողոցի բնակիչները մոտ 2 ամիս առաջ են նկատել միջատներին, սակայն նրանք զանգվածաբար տարածվել են մոտ 2 շաբաթ առաջ։
«Մթնշաղից հետո չկա մի տեղ, որտեղ նրանք չլինեն։ Նրանք չեն դիմանում շոգին, իսկ երբ արև չկա, սողում են բոլոր ճեղքերից։ Ներխուժում են տներ, երեխաները զզվում են, նրանց պատճառով նույնիսկ ուտելիք չեն ուզում։ Ահա, այսօր առավոտյան մաքրել ենք, երեկոյան մեծ քանակությամբ կլինեն։ Միջոցներ ենք ձեռնարկել, կրաքար ենք քսել, վառել ենք, ոչինչ չի օգնում»,- ասում է Շահումյան փողոցի բնակիչներից մեկը։
Բնակիչների խոսքով՝ միջատներին տրորելիս շատ տհաճ հոտ է գալիս։
Թե այս ինչ միջատ է, որ անհանգստացնում է բնակիչներին, դեռ պարզ չէ, մարդիկ օգնություն են սպասում մասնագետներից, անասնաբույժներից։ Սիրողական աչքի համար միջատները նման են երկու տեսակի՝ Ommatoiulus moreleti (պորտուգալական հարյուրոտանի) և Julida:
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Ազգային անտառային գործակալությունը բնակիչներին խորհուրդ է տվել դիմել Պարենի ազգային գործակալությանը։