Ախալքալաքի շրջանի գյուղեր այցելողներին առաջինը դիմավորում է աղբը: Աղբակույտերը դարձել են այսպես ասած մեր գյուղերի այցեքարտը: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում նշում են՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ճանապարհաեզրերին առկա աղբը կհեռացնեն, սակայն դրա համար բավարար միջոցներ չունեն:
Աղբահանությունը Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերում լավագույն դեպքում տարին մեկ անգամ է իրականացվում: Ծայրամասային գյուղերն առավել անտեսվածներն են: Այստեղ բնակիչներն իրենց ուժերով են աղբահաություն իրականացնում՝ «սեփական տնից հեռու» սկզբունքով: Արդյունքում գյուղեր տանող ճանապարհները լի են կենղացային աղբակույտերով:
Ըստ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրենի խնդիրը բյուջեի սղությունն է: «Մեր ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են: Գյուղական ճանապարհները աղբակույտերից ազատելու ծրագիր ներկայացրել ենք Քաղաքապետարան, բայց չեն ֆինանսավորելու, քանի որ շուտով ընտրություններ են և ըստ օրենքի արգելված է բյուջեում փոփոխություններ կատարել»,- ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Վերջինս Jnews-ի հետ զրույցում նշեց, որ Ախալքալաքի շրջանի գյուղերում մոտավոր 4 700-5000 մ3 աղբ կա: Եվ աղբակույտերն ամբողջովին մաքրելու համար նախնական հաշվարկներով 86-90 000 լարի է անհրաժեշտ:
Տարին մեկ կամ երկու անգամ աղբահանություն կատարելը, լիարժեք պատկերացում է տալիս շրջանի հատկապես հեռավոր գյուղերում տիրող հակասանիտարական իրավիճակի մասին: Պատկերն ամբողջական է դառնում երեկոյան ժամերին, երբ մայրամուտի վերջին շողերի հետ խոտերի մեջ փայլում են պլաստմասե շշերը:
Լուսանկարներում Մոդեգամ գյուղի ճանապարհին առկա աղբակույտն է, որտեղ արդեն արևածաղիկ է աճում:
Աղունիկ Այվազյան