Ախալքալաքն ամանորին դառնում է մարդաշատ։ Հայրենի քաղաք և գյուղ են վերադառնում ամանորը տոնելու հիմնականում ռուսաստանաբնակ և հայաստանաբնակ ջավախքցիները։ Նրանց մեծ մասն իրենց սեփական մեքենաներով են գալիս և պարտավոր են ենթարկվել Վրաստանում սահմանված երթևեկության կանոններին: Այսուհետ այլ երկրի պետհամարանիշ ունեցող մեքենաները նույնպես տուգանվում են խելացի տեսախցիկների կողմից։

Պարեկային ոստիկանության վարչությունից JNEWS-ին տեղեկացրին, որ 2023 թվականի հունվարի 1-ից խելացի տեսախցիկները արձանագրում են յուրաքանչյուր խախտում, որը կատարվում է այլ երկրի պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդների կողմից։

«Տեսատուգանքները տեսանելի են police.ge կայքում, որտեղ հնարավոր է ստուգել անգամ միայն ավտոմեքենայի պետհամարանիշը գրելով, որտեղ ներկայացված է նաև տուգանքի վճարման ժամկետները։ Վարորդները տուգանքը կարող են վճարել ինչպես յուրաքանչյուր բանկոմատով, բանկում, այնպես էլ սահմանը հատելիս։

Քանի որ այլ երկրի քաղաքացիների ոչ բոլորի հեռախոսահամարներն են ներկայացված, բնականաբար, բնակության հասցեով նույնպես չեն կարող ուղարկել, այդ պատճառով, բոլոր տուգանքները տեղադրվում և հրապարակվում են police.ge կայքում։ Տեսատուգանքների բաժնում մեքենայի պետհամարանիշը գրելով կարող եք պարզել, արդյոք տուգանք կա՞, թե՝ ոչ: Եթե հեռախոսահամար է ներկայացված և արձանագրված է, ապա այդ դեպքում տուգանքի մասին հաղորդագրություն է ուղարկվում վարորդին»:

Ինչպես JNEWS-ին հայտնեցին՝ տուգանքը գրվում է այն անձի անունով, ով մեքենայի ղեկին է լինում սահմանը հատելիս, այսինքն՝ այն անձի անունով, որ տվյալ մեքենայի ղեկին Վրաստան է մտել:

Վարորդներն օնլայն չեն կարող վճարել տուգանքը: Նրանք կամ պետք է վճարեն Վրաստանում, կամ սահմանային անցակետում՝ սահմանը հատելիս։

Հարկ է նշել, որ 2022 թվականի երրորդ եռամսյակում տեսախցիկները Սամցխե-Ջավախեթիում գրանցել են 247 տուգանք: