Տնական եղանակով կարագ կարելի է ստանալ սերուցքը հարելու արդյունքում: Այս գործընթացը արագ և հեշտ գործ չէ: Մեր նախնիները շատ դարեր առաջ հորինել են փայտե պարզ մի բան՝ խնոցի: Դոխիկ տատիկն արդեն 35 տարի կարագ է պատրաստում ձեռքի հարիչի, կամ, ինչպես դա անվանում են Ջավախքում՝ խնոցու օգնությամբ:

Վերջերս էլեկտրականությամբ աշխատող խնոցիները լայն տարածում են գտել, բայց Ջավախքի գյուղերում տարեց կանայք հավատում են, որ ոչ մի սարքավորում չի կարող փոխարինել ձեռքի աշխատանքին: Նրանք հավատում են, որ խնոցիում հարված կարագը շատ ավելի լավն է, քանի որ փայտանյութը յուրահատուկ համ է տալիս դրան:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի բնակիչ Դոխիկ Նիկողոսյանը 35 տարուց ավելի է չի հրաժարվում հին ավանդույթներից: Գրեթե ամեն շաբաթ նա հարում է կաթից ստացած սերուցքը և ստանում կարագ:

2

«Մեր նախնիները շատ դարեր առաջ են սովորել այս եղանակով կարագ ստանալը: Այդ ժամանակից ի վեր կարագը դարձել է ամենատարածված կաթնամթերքից մեկը», – ասում է Դոխիկ Նիկողոսյանը:

Ինչպես նա է պնդում, սերուցք հարելը չի կարելի համարել շատ բարդ գործընթաց, բայց այն բավականին երկարատև ու աշխատատար է: Հատուկ սարքի օգնությամբ տանը կարագ պատրաստելը իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում:

Ըստ նրա, սերուցքը հարելու գործընթացը տևում է 10-20 րոպե: Կարագի պատրաստվածությունը որոշվում է պտույտի ընթացքում հարվածների փոփոխությամբ՝ ավելի դժվար է դառնում բռնիչը պտտել, խնոցին սկսում է դիմադրել: Կարագի արտադրության համար օպտիմալ հումքը 2-3 օրվա ընթացքում հավաքած սերուցքն է, որի յուղայնությունը 76%-ից ոչ պակաս է:

Դոխիկ տատիկը պատմում է, որ ոչ միայն տանն է օգտագործում իր ձեռքերով պատրաստած կաթնամթերքը, այլև դրանք փոխանակում է տարբեր ապրանքների հետ:

«Սերուցքը հարելուց հետո մենք ստանում ենք ոչ միայն կարագ, այլև թան», – ասում է Դոխիկ Նիկողոսյանը: Թանից տարատեսակ ուտեստներ են պատրաստում, ինչպես նաև օգտագործում են որպես ըմպելիք:

1

Խնոցին հարելուց հետո տանտիրուհին, տարիներով ձևավորված ավանդույթի համաձայն՝ աղոթքը շուրթերին, երեք անգամ խաչ է հանում կարագի վրա և փոքրիկ կարագե գնդիկներ պատրաստում, որպեսզի դրանք բաժանի այն մարդկանց, ովքեր կով չունեն, ինչպես նաև հարևաններին ու բարեկամներին: Այս ավանդույթը մեզ է փոխանցվում նախնիներից և պահպանվում են մինչև օրս:

Խնոցին լինում է կավից կամ փայտից, տակառաձև կամ երկարավուն, միջնամասում՝ ուռուցիկ, կենտրոնում՝ անցքով, որի մեջ լցնում են կաթի սերը և հարում՝ կարագ ստանալու համար:

3

Բրատիսլավ Իգիթխանյան