Այսօր առաջին անգամ Երեւանում անցկացվեց հայ-վրացական մշակութային օր, որի շրջանակում Ազատության հրապարակում հայ և վրացի հայտնի դիզայներները ցուցադրեցին իրենց բրենդային հավաքածուները:
Հայաստանում օգոստոսի 28-ին անցկացվեց հայ-վրացական մշակութային օր։ «Ընկերությունը հաղթում է»՝ սա էր այսօրվա միջոցառման կարգախոսը, որի շրջանակում ելույթ են ունեցել նաեւ հայ եւ վրացի երգիչներ ու պարողներ:
Միջոցառման կազմակերպիչ «ArmMod Fashion» նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանն «Ալիք մեդիային» ասել է, որ այսպիսով նպատակ ունեն նպաստել երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին ու վրացիներին առավել մոտիկից ծանոթացնել Հայաստանի հետ։
«Հայերս շատ ենք սիրում լինել Վրաստանում, այս միջոցառման միջոցով էլ կփորձենք գրավել վրացի տուրիստներին, հույս ունենք նաև, որ այս օրը կամուրջ կդառնա հայ և վրացի դիզայներների հետագա համագործակցության համար», – ասել է Գրիգորյանը:
Միջոցառման հատուկ հյուրերն էին MISS GEORGIA, VICE MISS GEORGIA, MISS WORLD GEORGIA 2017-ը։
MISS WORLD GEORGIA 2017-ին Վրաստանը ներկայացրած Քեթի Շեկելաշվիլին էլ «Ալիք մեդիային» ասել, որ հիանալի տպավորություն ունի ինչպես Հայաստանից, այնպես էլ միջոցառումից։
«Ժողովուրդը շատ ջերմ է, ժպտում են ու զրուցում մեզ հետ։ Շատ հավանեցի նաև հայկական խոհանոցը, ճաշակեցինք ազգային ուտեստներ, ամեն ինչ շատ համեղ էր, չէի սպասում: Ինչ վերաբերում է միջոցառմանը, կարծում եմ այն յուրահատուկ է: Սա միավորում է երկու երկրների մշակույթը և մեր բարեկամության ու փոխհարգանքի արտահայտումն է», – ասում է Շեկելաշվիլին, շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին ու հավելում, որ նման միջոցառում հաջորդ անգամ տեղի ունենա Վրաստանում:
Նյութը՝ Aliq.ge