Մայիսի 23-ին Վրաստանի կառավարության վարչակազմում տեղի ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կրկին հայտարարել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մոտալուտ բացման մասին:
Քննարկման թեմաներն էին բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը երկու երկրների միջև ու ռազմավարական համագործակցության հիմնական ուղղությունները:
Գիորգի Կվիրիկաշվիլին նշեց, որ Վրաստանի կառավարությունը կարևորում է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը և երկու երկրների միջև սերտ համագործակցությունը, որը ցույց է տալիս նաև վրաց-թուրքական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության ձևաչափը:
Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար: Բինալի Յիլդիրիմը հիշել է Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Անկարա, ռազմական հեղաշրջման փորձից մի քանի օր անց, և նշել որ Թուրքիայի կառավարությունը և թուրք ժողովուրդը գնահատում են այդ համերաշխությունը:
Կողմերը անդրադարձել են նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ ձևաչափով համագործակցությանը, որը նպաստում է քաղաքական երկխոսության զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:
Նաև կարևորել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրականացումից հետո սերտ համագործակցությունը, բացման պաշտոնական արարողությունը, որը տեղի կունենա մոտ ապագայում:
Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար:
Լուսինե Աստոյան