Վրաստանի Կարմիր Խաչի ընկերությունն արդեն 4 տարի է գրասենյակ է բացել Ախալքալաքում։ Jnews-ը հետաքրքրվեց, թե արդյոք «Կարմիր Խաչը» կշարունակի իր գործունեությունը Վրաստանում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պայմաններում։

Կարմիր խաչի ընկերությունը զբաղվում է մարդասիրական գործունեությամբ և ֆինանսավորվում է Շվեյցարիայի Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի կոմիտեի կողմից: Ախալքալաքի մենեջերը կարծում է, որ այսպես կոչված, օտարերկրյա գործակալների մասին օրենքն այնքան էլ չի ազդի իրենց կազմակերպության վրա։

«Ինչ վերաբերում է թափանցիկության մասին օրենքին, ապա Կարմիր Խաչը խնդիր չի ունենա, քանի որ, այն ունի ամենամեծ մարդասիրական պատմությունը, որն ավելի քան 100 տարի է գործում է Վրաստանում»,- ասում է Ախալքալաքի Կարմիր Խաչի ընկերության մենեջեր Հնազիկ Ավետիսյանը։

Ախալքալաքում Կարմիր խաչի ընկերությունը գործում է 2020 թվականից, այստեղ աշխատում է ընդամենը մեկ մարդ։ Վրաստանում գործում է 40 մասնաճյուղ։

Անցյալ և նախորդ տարի ընկերությունն Ախալքալաքի մունիցիպալիտետի 120 անապահով ընտանիքի բաժանել է հանրահայտ LC Waikiki ապրանքանիշի հագուստ, իսկ շարժական կենտրոնն անվճար բուժզննում է անցկացրել մի քանի գյուղերում։ 100 անապահով ընտանիքի երեխաների բաժանվել են դպրոցական նվերներ, հիմնականում գրենական պիտույքներ: Ընկերությունը նաև առցանց, կամավոր հիմունքներով, վրացերեն է սովորեցնում երեխաներին, և իրականացնում այլ միջոցառումներ:

Հասարակությունը համագործակցում է պետական ​​կազմակերպությունների և տեղական իշխանությունների հետ։

Կարմիր Խաչի ազգային ընկերության Թբիլիսիի գրասենյակից Jnews-ին հայտնեցին, որ իրենք շարունակում են իրենց գործունեությունը։

«Օրենքն ընդունված է, բայց քանի դեռ դատավարություն է ընթանում, և լուծվում են այլ հարցեր, ուստի նախապես ոչինչ ասել չեմ կարող։ Մենք մեր գործընկերների հետ կքննարկենք, թե ինչ անել և ինչպես անել: Մենք պայմանավորվածություն ունենք տեղական իշխանությունների հետ, կան տեղական նախագծեր, և մենք շարունակում ենք աշխատել Ախալքալաքում, հետո կտեսնենք»,- ասացին Կարմիր Խաչի ընկերության Թբիլիսիի ներկայացուցչությունից։

Վրաստանի Կարմիր Խաչի ընկերությունը մարդասիրական, ոչ կառավարական, անկախ հասարակական միավորում է: Այն Վրաստանի իշխանություններին հումանիտար ոլորտում օգնություն տրամադրող կամավոր ընկերություն է, որը ճանաչվել է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հիման վրա։