ՍՊԸ «Ալպեն Միլկ»-ի և Ֆինանսական ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո անցել է մեկ ամսից ավելի, կնքված արտադրանքի փորձաքննության արդյունքները, որոնք պետք է առավելագույնը 10 օրվա ընթացքում պատրաստ լինեին, դեռևս «Ալպեն Միլկ» ընկերությունում չեն ստացել:
ՍՊԸ «Ալպեն Միլկ»-ի սեփականատերերի խոսքերով իրենք ակնկալում էին, որ փորձաքննությունը կձգձգվի, դրա համար էլ բողոքարկում էին ամբողջ գործարանի փակումը` մինչև հանգամանքների պարզումը: Նրանց խոսքերով` երկար ժամանակով գործարանի փակումը կապված է մեծագույն կորուստների հետ:
«Դեռևս փորձաքննության պատասխան մենք չենք ստացել: Արտադրանքը, որը կնքված է սառնարանում` կփչանա և այն կթափենք», – ասում է ՍՊԸ «Ալպեն Միլկ»-ի սեփականատեր Վանիկ Գրիգորյանը:
ՍՊԸ «Ալպեն Միլկ»-ի աշխատակիցների և Ֆինանսական ոստիկանության միջև միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, այն ժամանակ Ֆինանսական ոստիկանության քննիչը եկավ ու հայտարարեց, որ ՍՊԸ «Ալպեն Միլկը» մեղադրվում է կեղծարարության մեջ: Իրենք պետք է կնքեն և ժամանակավորապես փակեն ամբողջ գործարանը: Գործարանի սեփականատերերը դեմ չէին արտադրված ապրանքի ստուգմանը, բայց կտրականապես դեմ էին ամբողջ գործարանի աշխատանքների կասեցմանը:
Երկարատև վիճաբանությունից հետո` ընդունվեց որոշում` կնքել գործարանի մի արտադրատեսակը, ինչպես նաև վերցվեց նշված արտադրանքի երկու նույնական նմուշներ` փորձաքննության համար, որը իբր թե պետք է տևեր ընդամենը մեկ շաբաթ:
Քրիստինե Մարաբյան