Այսօր, Սակրեբուլոյի նիստի ժամանակ տեղի է ունեցել Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի տեղակալի ընտրություն: Սեփական դիմումի համաձայն Ռոբինզոն Կավրելիշվիլին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որից հետո տեղի է ունեցել ընտրություն, արդյունքում նախագահի տեղակալ է ընտրվել Գայոզ Լոմսաձեն:
Հուլիսի 20-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում անցկացվեց լիագումար նիստ: Այն նախագահում էր Նաիրի Իրիցյանը, իսկ օրակարգում ներառված էր 9 հարց:
Առաջինը քննարկվեց Սակրեբուլոյի նախագահի տեղակալի հրաժարականի դիմումը: Մոտ մեկ ամիս առաջ փոխնախագահ Ռոբինզոն Կավրելաշվիլին զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում էր գրել, պատճառաբանելով, որ առողջական խնդիրների պատճառով այլևս չի ցանկանում շարունակել պաշտոնավարել:
Ախալքալաքի Սակրեբուլոն ընդունեց փոխնախագահի հրաժարականի դիմումը: Արդյունքում Ռոբինզոն Կավրելաշվիլին Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրեց ուղիղ 8 ամիս: 2017 թվականի նոյեմբերի 20-ին տեղի էր ունեցել ընտրություն, որի ժամանակ նա Սակրեբուլոյի նախագահի տեղակալ էր ընտրվել 34 կողմ և 3 դեմ ձայներով:
Այնուհետև տեղի ունեցավ Ժողովի նախագահի նոր տեղակալի ընտրություն, առաջադրվեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» խմբակցության նախագահ Գայոզ Լոմսաձեի թեկնածությունը: Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում, նիստին ներկա 31 պատգամավորների միաձայն քվեարկության արդյունքում Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի տեղակալ ընտրվեց Գայոզ Լոմսաձեն:
«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» խմբակցության նախագահ ընտրվեց Հակոբ Չախմախչյանը, իսկ տեղակալ Բորիս Ալելիշվիլին:
Ինչպես նաև, այսօր Ախալքալաքի Սակրեբուլոյում նոր խմբակցություն ստեղծվեց «Բարգավաճ Ախալքալաք» անվանումով: Նորաստեղ խմբակցության նախագահ ընտրվեց Գենադի Էլիզբարյանը, իսկ տեղակալ Սարգիս Ուզունյանը:
Աղունիկ Այվազյան