Ասֆալտն իր հետ նոր խնդիրներ բերեց Երևանյան 53ա շենքի բնակիչների համար: Այս անգամ բնակիչները պետք է պաշտպանվեն շենքի բակում հավաքված անձրևաջրերից, որ լցվում է բազմաբնակարան շենքի նկուղ:
9-ամյա Արտակը ամեն օր գալիս է այստեղ ջրի մեջ հեծանիվ քշելու: Երեխաներն իրար մեջ խոսում են «տղաք ծով է»: Ոչ միայն այս փողոցի, այլև մոտակա փողոցներից երեխաները գալիս են էքստրեմալ պայմաններում հեծանիվ քշելու:
Վարդավառին ևս Երևանյան 53ա շենքի ծովը երեխաներին մեծ ուրախություն պարգևեց, նրանց ջրոցին անցավ շատ ակտիվ, պետք չէր սպասել դույլերը ջուր լցնելուն:
Այս իրավիճակը ուրախալի է միայն երեխաների համար:
2017 թվականի հոկտեմբերին Երևանյան 53 ա շենքի բակն ասֆալտապատել են, այդ ժամանակ բնակիչներն ուրախացել են, որ վերջապես ասֆալտն իրենց փողոց է հասել, սակայն արհեստական ծովի մասին նույնիսկ ենթադրել չէին կարող:
Տիկին Շուշիկը, ով այս շենքի բնակիչներից է նշում է. «Կոյուղաջրերի դիտահորերի մեջ մի գրամ ջուր չի գնում, ասֆալտն ուղիղ չարեցին, ջուրը մեր նկուղներ է լցվում, խոնավությունը մեր նկուղներից անպակաս է, 5 դիտահոր կա, բայց մեկի մեջ ջուր չի գնում»:
Բնակիչները անհանգստանում են, որ անընդհատ խոնավությունը շենքը հիմքից կքայքայի:
Այս շենքի երկրորդ հարկի բնակիչ Ռոզա Նահատակյանն ամեն անգամ անձրևից հետո շենքից դուրս չի կարողանում գալ:
«Ինչ անենք, ջուրը նկուղն է լցվում, խոնավություն է, մենակ այդ հոտը շնչելը հերոսություն է, ելումուտ չենք կարող անել, ինչքան անձրև է գալիս նույն բանն է»,- պատմում է Ռոզա Նահատակյանը:
Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքերով, խնդրի մասին քաղաքապետարանը տեղյակ է:
«Մի քանի օր առաջ բնակիչները մեզ դիմեցին: Ասֆալտի մակարդակն ավելի բարձր է, ջուրը գնալու տեղ չունի: Պետք է խնդիրը ուսումնասիրել և լուծում գտնել, պետք է այնպես անենք, որ անձրևաջրերը չհավաքվեն, այլ լցվեն դիտահորերը: Կաշխատենք, որ մինչև տարվա վերջ խնդիրը վերացնենք», – ասաց Ալբերտ Նահատակյանը:
Հավելենք, որ Երևանյան 53 ա շենքի բնակիչները արդեն 10 տարի է պայքարում են նաև տանիքից կաթող անձրևի դեմ։
Աղունիկ Այվազյան