Երևանյան 53 ա շենքի բնակիչները արդեն 10 տարի է պայքարում են տանիքից կաթող անձրևի դեմ։ Եվս մեկ տարի նրանք դեռ պայքարելու են:
Շենքի բնակիչները անձրևային եղանակին տնից դուրս չեն գալիս։ Նրանք վախենում են, ամեն անգամ առաստաղի տարբեր հատվածներից կաթում է, և եթե ամանները ճիշտ տեղերում չդնեն, ամբողջ շենքը ջուր կլցվի։
“Երեխաներիս արձակուրդի ժամանակ ուղարկեցի հայրիկիս տուն, ես չկարողացա գնալ, քանի որ մի քանի օր է անձրև էր գալիս և պետք էր մնայի տանը, որ տան իրերը ամբողջությամբ չթրջվեին։ Այսօր էլ ես տանը չէի, զանգեցի հարևանուհուս, լավ է գոնե նա տանն էր, ամանը դրեց, որ ջուրը հատակին չկաթի”, – ասաց շենքի բնակչուհի Լենան։
Լենան անձրևների ժամանակ իր սենյակից տեղափոխվում է երեխաների մոտ, քանի որ իր սենյակում քնել հնարավոր չէ։ Ոչ միայն թրջվելն է պատճառը, այլ նաև հոսանքահարվելու վտանգը, քանի որ կտուրից ջուրը հոսանքի լարի մոտից էլ է կաթում։
Անկողինների վրա միշտ պոլիէթիլենային տոպրակներ են փռած։
“Մի անգամ եկա տուն և տեսա, որ անկողինս ամբողջությամբ թրջվել է, ամառ էր, բուրդը նոր էի լվացել, ամբողջ աշխատանքս իզուր անցավ”, – ասաց Լենան։
Տնից խոնավության հոտ է բուրում։ Այս իրավիճակից միայն սնկերն են “գոհունակ” և աճում ու բազմանում են տան պատերի անկյուններում։
Երկհարկանի այս շենքում 12 ընտանիք է ապրում։ Երկրորդ հարկի գրեթե բոլոր ընտանիքները տառապում են “բնական ցնցուղից”։ Հարևաններով արդեն մոտավորապես 10 տարի է պայքարում են, որպեսզի շենքի կտուրը փոխվի, սակայն ապարդյուն։
“Շատ անգամ ենք դիմում ներկայացրել քաղաքապետարան, միայն առաջի դիմումին են պատասխանել, սակայն ոչինչ չեն արել, ինչ անենք բնակարանը նորոգել չենք կարող, ինչ էլ նորոգել ենք, ամբողջությամբ փչացավ”, – ասացին շենքի բնակիչները։
Բազմահարկ շենքերը պետական չեն, սակայն տեղական իշխանությունը հետզհետե վերանորոգում է դրանք: Երևանյան 53ա շենքի կտուրի վերանորոգում այս տարի նախատեսված չէ։ Սակայն Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանի խոսքերով, այդ հարցով կզբաղվեն 2019 թվականին:
“Հիմա պետական շենք հասկացողություն չկա։ Մենք այս տարի կնորոգենք շուկայի կողքի 5 հարկանի շենքերը, քանզի ավելի հին կառույց են, 1974 թ․-ին են կառուցվել, այդ շենքերում ապրում են 40 ընտանիք և կնորոգենք եկեղեցու մոտի շենքը, որը կառուցվել է 1950 թվականին։ Հերթական կնորոգենք, որտեղ ավելի շատ բնակիչ կա և ինչքան հնարավորություն որ ունենք։ Մյուս տարվա պլանի մեջ կներառենք, իհարկե անպայման կգնանք ու կստուգենք, ինժեները կստուգի, ըստ այդմ կնորոգվի”, – ասաց Վահան Բաթոյանը։
Եվս մեկ տարի շարունակվելու է Երևանյան 53ա շենքի բնակիչների անհավասար պայքարը…
Գայանե Ակոջյան