«Վրացական երազանք» կուսակցությունն իր շարքերից հանել է պատգամավոր Դավիթ Ճիճինաձեին: Այս մասին տեղեկացնում է կուսակցության պաշտոնական հաղորդագրությունը: Իսկ «Գիրչի» կուսակցության առաջարկը, միանալ նրանց, պատգամավորը մերժել է:
«Նախորդ մի քանի ամիսների ընթացքում «Վրացական երազանք – ժողովրդավար Վրաստան» կուսակցության և խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն բազում հայտարարություններ է արել, որտեղ վիրավորել է քաղաքական թիմի անդամներին և վնաս պատճառել կուսակցության իմիջին ու շահերին: Դավիթ Ճիճինաձեն բազմիցս կոպտորեն խախտել է կուսակցական կարգապահությունը և ընդունված բարոյական և էթիկական նորմերը:
Վրացական երազանքի համար ներկուսակցական ժողովրդավարությունն ու արտահայտվելու ազատությունը առաջնորդվող սկզբունք է: Կուսակցության բոլոր անդամները տարբեր հարցերի շուրջ քննադատական կարծիք հայտնելու հնարավորություն ունեն: Սակայն, թիմակիցներին վիրավորելը, բարոյական և էթիկայի սկզբունքների խախտումը և քաղաքական թիմին վնաս պատճառելը դուրս է մնում ներկուսակցական ազատ արտահայտվելու սահմաններից:
Հաշվի առնելով նշվածը, Վրացական երազանք – ժողովրդավար Վրաստանի քարտուղարությունը միաձայն ընդունել է որոշում կուսակցությունից հեռացնել «Վրացական երազանք – ժողովրդավար Վրաստան» կուսակցության անդամ Դավիթ Ճիճինաձեին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Որոշման տակ ստորագրել են «Վրացական երազանք»-ի քարտուղարության 5 անդամները. գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, քաղաքական քարտուղար Գիորգի Վոլսկին, միջազգային քարտուղար Թամար Չուգոշվիլին, Տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն:
«Գիրչի» կուսակցությունը միանգամից առաջարկել է Ճիճինաձեին համալրել իրենց շարքերը, սակայն վերջինս շնորհակալություն է հայտնել առաջարկի համար, սակայն չի ընդունել այն:
«Երախտագիտությունս հայտնեցի այս առաջարկի համար, սակայն ես «Վրացական երազանք»-ի այն ժողովրդի կողմից եմ, ովքեր 2012 թվականին կանգնեցին կուսակցության կողքին, ում էլ նոր «Վրացական երազանքը» հեռացրեց իր շարքերից, քանի որ նրանց վստահությունը կորցրել է: Մտածում եմ, որ ես կմիանամ այս մեծ մարդկանց բանակին և կփորձենք հետ վերադարձնել մեր «վրացական երազանքը»», – հայտարարել է Ճիճինաձեն:
Տեղեկությունը aliq.ge -ից