Վրաց-հայկական սահմանի Նինոծմինդայի մաքսային անցակետի շինարարությունը սկսվել է 2012 թ.-ի հունիսի 1-ից: Վրաստանի եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, շենքի շինարարությունը կավարտվի մինչ այս տարվա վերջ:
«Նինոծմինդա» մաքսային անցակետի նոր շենքը չի օգտագործվում: Այն գտնվում է գործող շենքից ոչ հեռու: Շենքի շուրջը, ձյան վրա, մարդու ոտնահետքեր չկան: Շենքում շարժում նույնպես չկա:
Նինոծմինդայի մաքսային անցակետի կառուցման մրցույթը հայտարարվել էր 2012 թ.-ի մարտի 13-ին: Նախագիծը նախաձեռնվել և ֆինանսավորվում է Վրաստանի եկամուտների ծառայության կողմից: Շինարարության համար հատկացված գումարը կազմում է 13 439 000 լարի (ներառյալ ԱԱՀ-ն): Շենքը կառուցելու իրավունքի մրցույթին մասնակցել է վեց ընկերություն: Տենդեր-մրցույթը հաղթել է ԲԸ «Մոնոլիթմշենի» ընկերությունը 9 865 979 լարիով: (ներառյալ ԱԱՀ-ն):
Նախագծի համաձայն նոր մաքսային անցակետը լինելու է 1.75 հա տարածքով (40x 107 մ) երկհարկանի ժամանակակից շենք: Շինարարության պայմանագիրը ստորագրվել է 2012 թ. հունիսի 1-ին: Շինարարությունը, պայմանագրի համաձայն, պետք է ավարտվեր 19 ամսվա ընթացքում՝ մինչ 2014 թ.-ի հունվարի 20-ը: Սակայն, պայմանագրում 17 անգամ մտցվել է փոփոխություն: Վերջին փոփոխությունը ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 14-ին, ու այդ փոփոխության համաձայն, շինարարական աշխատանքների վերջնական ավարտը նշվել է 2015 թ.-ի հունիսի 25-ը:
Մրցույթի փաստաթղթերի ու այնտեղ տեղադրված նկարների համաձայն, կառուցված շենքի արտաքին տեսքը զգալիորեն տարբերվում է նախագծով տրվածից:
Մաքսային անցակետի նոր շենքի մասին մեր հարցերին, Վրաստանի եկամտի ծառայության պատասխանում ասվում է հետևյալը.
«Նախագծի նպատակն է այս տարածքում բավարարել աճող ապրանքաշրջանառությունն ու անցումային հնարավորությունը»:
Եկամտի ծառայությունում նաև պարզաբանեցին, որ այս մաքսային անցակետը վրացական կողմի նախագիծն է, և շենքը նախատեսված չէ Հայաստանի մաքսային անցակետի հետ համատեղ աշխատանքի համար՝ «մեկ պատուհանի» սկզբունքով:
Պատասխանում նաև նշվում է, որ շենքն ու առաստաղը վթարային վիճակում չեն:
«Մաքսային անցակետի նոր մասնաշենքի շինարարության ավարտման աշխատանքներն ընթացքի մեջ են և մինչ տարվա վերջ շինարարությունը կավարտվի»:
Ախալքալաք-Երևան գծի վարորդ Տարոնը, ով գրեթե ամեն օր ուղևորներ է տեղափոխում, անցնում է «Նինոծմինդա» մաքսային անցակետի նոր շենքի կողքով:
«Հին շենքն արդեն փլվում է, իսկ նոր շենքը դեռ շահագործման չեն հանձնել: Ասում են թե կառուցում են, բայց ես գրեթե ամեն օր այդ ճանապարհով եմ անցնում, իսկ աշխատողների հազվադեպ են տեսնում շինարարությունում»,- ասում է Տարոնը:
Շուշան Շիրինյան