Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Մկոյանների ընտանիքում փայտագործությունը ժառանգաբար է։

Արհեստավոր Մկոյանների տուն հասնելու համար գյուղացիներից հարցուփորձ արեցինք, ճշտեցինք, որ աղբյուրի մոտ է տունը։ Աղբյուրներով շատ այս գյուղում բավականին դժվար հասանք փայտագործ-մեղվապահի տուն։
ororoc

Հեշտիայի բնակիչների մեծ մասի նախնիները Մուշից են գաղթել, թերևս այդ պատճառով էլ նրանց բարբառը պահպանել է Մշո բարբառի առանձնահատկությունները և տարբերվում է Ջավախքի մեծամասնության Կարնո բարբառից։ Գյուղացիներից շատերը անվանի գիտնականներ են, բժիշկներ, արվեստագետներ եւ արհեստավորներ։

Գեորգի Մկոյանը հոր՝ Հովսեփի արհեստն է շարունակում և զբաղվում է մեղվաբուծությամբ: Հպարտանում է իր արհեստով և պնդում է, որ մանկուց սեր է ունեցել փայտի մշակման նկատմամբ և հետաքրքրվել է, ապա կամաց-կամաց հմտացել։ Հոր’ Հովսեփ Մկոյանի մասին պատմում է, որ նա էլ իր պապից է ժառանգել արհեստավորի փեշակը (արհեստը)։ 14 տարեկանում ամուսնացրել են և դեռ մանկահասակ Հովսեփը արհեստագործության միջոցով է կարողացել ընտանիք պահել։ 5 զավակ է ունեցել: Նրանց արհեստանոցում ոչ միայն կենցաղում կիրառվող պարագաներ են ստեղծվել, այլ նաև փայտե քանդակներ և մակետներ։

Հովսեփ Մկոյան hovsep mkoyan

Գեորգի Մկոյանը հպարտանալու շատ առիթներ ունի. առաջինը հոր սարքած տունն է, որտեղ և այսօր ապրում են, ընտանիքով ու որդիներով է հպարտանում և նաև նրանով, որ Ջավախքի բնությունն ընձեռել է հնարավորություն սիրելի գործով զբաղվելու:

pap u tor

Փայտի արհեստանոցից բացի, նրան գրավողը մեղուներն են, որոնց հետ սիրով է աշխատում և ասում, որ մեղուներն իրեն չեն կծում, իսկ մեզ կծելն արդարացրեց նրանով, որ սովոր չէին դեռ։ Նա բացի մեղրից նաև մեղվի կաթ է ստանում։ Բոլոր հաջողությունների գաղտնիքը նրա համար աշխատասիրությունն է և արած գործից հաճույք ստանալը։

meghvapah

Գեորգիի որդիներից մեկը ընտանեկան ժառանգության՝ փայտագործի ուղին է բռնել, իսկ մյուսը երգարվեստի ճանապարհով է գնում: Արմեն Մկոյանը հայկական ժողովրդական երգերի կատարող է, Հայաստանում է ստացել մասնագիտական կրթություն, սակայն Ջավախքի տոնական առիթներին ներկայանում է տեղի հանդիսականին նույնպես: Արմենը վստահեցնում է, որ պապի ազդեցությունը մեծ է եղել նաև իր մասնագիտությունն ընտրելիս: Հովսեփ պապը բացի փայտարվեստից նաև երաժշտական փողային գործիք՝ ղավալ է պատրաստել և նվագել: Ղավալը հայկական ժողովրդական երաժշտական գործիքներից բլուլին է մոտ:

dzerq

Արմենն ասում է, երբ ինքը ժամանակին տարածված ռաբիս երգեր էր կատարում, պապը հին հայկական երգերն էր երգում: Եվ պապի հնչեցրած երգերը ոչ միայն հաղթել են ռաբիզ երգին, այլ նաև նոր երաժշտական ասպարեզ մուտք անող երիտասարդի համար դարձել են հաջողության այցեքարտ, թե ընդունելության քննությունների ժամանակ, թե տարբեր փառատոնների Արմենը կատարել է այն, ինչ լսել է պապից:

https://www.youtube.com/watch?v=9jiDCjjfp38&t=1s

Գյուղում ապրող այս ընտանիքը ապացուցում է, որ հնարավորությունները բազմազան են, պարզապես պետք է գտնել սիրելի գործը և աշխատել:

sayler

Սոնա Տոնականյան
Վրեժ Գոգորյան