Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում արդեն 6 տարի գործում է տարածաշրջանի համար անսովոր արտադրություն, որը նմանը չունի Ախալքալաք-Նինոծմինդա շրջանում։ «Family» ընկերությունը զբաղվում է անձեռոցիկների, զուգարանի թղթի, կոսմետիկ անձեռոցիկների արտադրությամբ՝ միաժամանակ պաշտպանելով շրջակա միջավայրը՝ հիմնարկների թափոնները վերածում է թղթե արտադրանքի և վերադարձնում դրանք օգտագործման։
Ընկերության տնօրեն Նաիրա Հովհաննիսյանն ասում է, որ բիզնեսի գաղափարը ծագել է ամուսնու մոտ, ով չի ցանկացել աշխատել որևէ մեկի մոտ և չի ցանկացել մեկնել խոպան։
«Նա մտածում էր, թե ինչ անի, որ չկրկնվի, որ այստեղ աշխատի, և նրանք իր եղբոր հետ որոշեցին սկսել անձեռոցիկների և զուգարանի թղթի արտադրություն: Դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են, և մեզ մոտ դա չեն արտադրում »,- պատմում է Նաիրան։
Բիզնես սկսելու համար նա ամուսնու հետ մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Turpanjian Rural Development Program» դրամաշնորհային ծրագրին, և նրանց գաղափարը հաղթել է։ Այս ծրագիրը ենթադրում է, որ շահառու ընկերությունն աստիճանաբար պետք է վերադարձնի տրված դրամաշնորհը երեք տարվա ընթացքում։
«2017-ին մենք բացեցինք արտադրությունը, սկզբի համար գնեցինք 600 կգ հումք՝ մտածելով, որ այսքանը կբավականացնի 4 ամսվա համար, բայց պարզվեց, որ ամեն ինչ վաճառվեց 1 օրում: Մենք սկսեցինք աշխատել, և ամեն ինչ լավ ընթացավ», – պատմում է Նաիրան։
Դժվարությունները, ինչպես ցանկացած բիզնեսի, առաջացան կորոնավիրուսային համավարակի հետ միասին, երբ արտադրությունները կամ փակվում էին, կամ վերածվում էին դիմակների արտադրության։
«Կորոնավիրուսի ժամանակ մենք ընդհանրապես փակվեցինք, նույնիսկ հումք չէինք կարողանում բերել, կար միայն տեղականը, անորակը, որից չէինք ուզում արտադրել, որ հաճախորդ չկորցնեինք»։
Մինչ օրս ընկերության արտադրական շրջանառությունը 6 տարվա ընթացքում աճել է 50%-ով։ Ընկերության տեսականին ներառում է անձեռոցիկներ, զուգարանի թուղթ, կոսմետիկ անձեռոցիկներ։ «Family»-ն իր արտադրանքը մատակարարում է ողջ մունիցիպալիտետի տարածքում գտնվող խանութներին, գեղեցկության սրահներին, ինչպես նաև մասնավոր ԷԽՈ-սկոպիայի կլինիկաներին։
«Family»-ն եզակի է Ջավախքում ոչ միայն իր արտադրած ապրանքներով, այլեւ սոցիալական պատասխանատվությամբ։ Մասնակցելով և հաղթելով CENN-ի մեկ այլ դրամաշնորհային մրցույթում՝ նրանք կարողացան ընդլայնել իրենց արտադրությունը և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր։
«Գաղափարը կայանում էր նրանում, որ աշխատանք տանք գյուղի կանանց, ովքեր պատկանում են սոցիալական խոցելի խմբերին, այսինքն՝ այս դրամաշնորհի միջոցով մենք կարողացանք աշխատատեղեր բացել: Մեզ մոտ աշխատում էին կանայք, ովքեր բարձրագույն կրթություն չունեին և դեռևս չէին կարողացել գտնել աշխատանք գյուղի պայմաններում: Մեզ մոտ աշխատում են նաև երիտասարդներ, ովքեր զբաղվում են մեր արտադրանքի առաքմամբ և հումքի ներմուծմամբ»,- ասում է Նաիրան։
Բացի այդ, ծրագրին մասնակցելուց հետո ընկերությունը կատարում է բնապահպանական առաքելություն՝ «Family»-ը պայմանագրեր է կնքել մունիցիպալ հիմնարկների հետ, որոնց համաձայն՝ նրանք վերամշակման են հանձնում թղթի թափոնները։ «Family»-ն վերամշակում է թղթի թափոնները՝ վերածելով անձեռոցիկների և զուգարանի թղթի և այն վերադարձնում այդ հաստատություններին։ Այս պահին ընկերության հետ պայմանագրեր են կնքել Հեշտիա գյուղի դպրոցներն ու մանկապարտեզները, «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան և ևս մի քանիսը։
Ճիշտ է, նախագիծը, որով «Family»-ն սկսել էր վերամշակել թղթի թափոնները տեղական հաստատություններից, ավարտվեց այս ամառ, սակայն ընկերությունը շարունակում է աշխատել կապալառուների հետ՝ աջակցելու «կանաչ» արտադրությանը և թղթի անթափոն օգտագործմանն այդ հաստատություններում:
Նաիրան նշում է, որ դրամաշնորհային մրցույթները, որոնք ներառում էին նաև բիզնես-թրեյնինգներ, օգնեցին իրեն ձեռք բերել բիզնես հմտություններ, սովորել, ինչպես կառավարել բիզնեսը, շփվել գործընկերների հետ և շատ ավելին։
Խոսելով ապագայի պլանների մասին՝ Նաիրան պատմում է, որ իրենց հիմնական նպատակն է բավարարել հաճախորդների կարիքները, լինել վստահելի բիզնես գործընկեր, ինչպես նաև ավելացնել արտադրության ծավալները և, ըստ այդմ, ստեղծել նոր աշխատատեղեր։