Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ջավախքում քննադատական մտածողության դպրոցի» առաջին փուլի փակման արարողությունը, որի ընթացքում մասնակիցները և կազմակերպիչները ամփոփեցին ծրագրի արդյունքներն ու խոսեցին ապագա անելիքների մասին:

«Քննադատական մտածողության դպրոցը» կիսակադեմիական և քաղաքական տարածք է, որի նպատակն էր կիսել քննադատական գիտելիքները երիտասարդ ակտիվիստների և համայնքի առաջնորդների հետ, ովքեր հետաքրքրված են սոցիալական արդարությամբ, հավասարությամբ և ժողովրդավարությամբ, ինչպես նաև ստեղծել կոլեկտիվ դատողությունների և ընդհանուր գործողությունների հարթակ: Դպրոցում սովորելու հնարավորություն էր ընձեռվել բարձրագույն կրթություն ունեցող կամ ավարտական կուրսի 20-ից 35 տարեկան 25 երիտասարդի։

Jnews-ի հետ զրույցում Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեն նշեց, որ երիտասարդների շրջանում հետաքրքրության առկայությունից ելնելով ծրագրում են ապագայում ևս շարունակել ծրագիրը:

«Մենք ստեղծեցինք մի տարածություն, որտեղ շատ ակտիվիստներ կապեր հաստատեցին միմյանց հետ և այդ միասնությունը ապագայում կավելացնի նոր և տարբեր գաղափարներ իրականացնելու հնարավորությունը: Այսօր մասնակիցների հետ ունեցանք քննարկում և ավելի պարզ դարձավ թե ինչ արդյունք ենք ունեցել, ռեսուրսների մոբիլիզացման միջոցով երիտասարդներն ավելի հստակ կարող են կազմակերպել հետագա աշխատանքն իրենց համայնքներում»,- ասաց նա:

Թամթա Միքելաձեն նշեց, որ նկատում է երիտասարդների շրջանում ակտիվություն նկատում, ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ տեղական մեդիաներում ու այլ հարթակներում, որոնց միջոցով բարձրացվում է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրները և դրանք ավելի լսելի են դառնում կենտրոնում։

Սոցիալական արդարության կենտրոնի աշխատակից Տիգրան Թարզյանի խոսքով, ծրագիրը շրջանի համար նոր էր։

«Ծրագիրը տարբերվում էր նրանով, որ միայն դասընթացներ կամ սեմինարներ չէին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ տարբեր ակադեմիկոսների հետ, կիսվել կարծիքներով, բացի այդ Թբիլիսիում ունեցանք նաև մշակութային այցեր, որտեղ որոշ չափով կարողացանք միասին բացահայտել Թբիլիսիի բազմազանությունն ու տեսնել տարբեր մշակությաոն կոթողներ։ Բայց ամենակարևոր արդյունքը կարծում եմ այն է, որ ունենք երիտասարդներ, ովքեր շրջանում գործող տարբեր սեկտորներում ակտիվ են և կարողացան մոտիկից ծանոթանալ իրար հետ և հետագայում այդ կապերը կարող են օգտագործել խնդիրների լուծման և քննադատական մտածելակերպի զարգացման համար», – ասաց Տիգրան Թարզյանը:

Հիշեցնենք, որ «Ջավախքում քննադատական մտածողության դպրոցի» շրջանակներում առաջին հանդիմումն անցկացվել էր 2022 թվականի հուլիսի 26-ին:

Այս թեմայով կարդացեք նաև՝

Ջավախքում սկսել է գործել քննադատական մտածողության դպրոցը

Ջավախքում քննադատական մտածողության դպրոց կգործի