Ախալքալաքի շրջանի շրջանավարտների մեծամասնությունը հաղթահարեցին ավարտական քննությունների նվազագույն շեմը: Իսկ չհանձնողների զգալի մասը կտրվել է մաթեմատիկա և ռուսաց լեզու առարկաների քննություններից:
Ս. Կ-յանը մեկն է այն աշակերտներից, ով չի կարողացել հանձնել մաթեմատիկա քննությունը:
«Չգիտեմ դժվար էր, ես մաթեմատիկա լավ էի սովորում, բայց հավաքել եմ 5,38 միավոր: Օրինակ պատմություն չէի սովորում, բայց 7 միավոր հավաքեցի: Շատ հարցերի պատահական էի պատասխանում, հաշվում էի՝ մեկ, երկու ու երրորդը սեղմում: Մյուս տարի հնարավորություն ունեմ վերահանձնելու: Խնդիր կար, որ նույնիսկ պահանջը չէի հասկանում»,- պատմեց նա:
Ավարտականներն իրենց խոսքում նշեցին, որ դժվար ու անհասկանալի հարցեր շատ են եղել:
«Պատմության քննությունը դժվար էր, տարօրինակ հարցեր կային, անհասկանալի էր: Ես հավաքեցի 7,5 բալ: Հետաքրքիր տրամաբանություն է, մեկը պատասխանում է 11 հարցի հավաքում է 6,5 բալ, իսկ մյուսը 20 հարցի, կրկին հավաքելով 6,5 բալ»,- ասաց շրջանավարտներից մեկը, ով չցանկացավ հրապարակել անուն ազգանունը:
Մայիսի 21-ից մինչև 25-ը ներառյալ Վրաստանում ավարտական քննություններ էին ընթանում: Ավարտականները քննություններ հանձնեցին վրաց լեզու և գրականություն, աշխարհագրություն, օտար լեզու և կենսաբանություն, պատմություն, ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա առարկաներից:
Ախալքալաքի շրջանի 20 դպրոցների տնօրեններ իրենց խոսքում նշեցին, որ ընդհանուր առմամբ աշակերտների համար բարդ հաղթահարելի է եղել մաթեմատիկա, ռուսաց լեզու և ֆիզիկա առարկաների քննությունները:
Ընդհանուր առմամբ Ախալքալաքի շրջանի 20 դպրոցների շուրջ 190 աշակերտներից 51-ը չեն կարողացել հավաքել 5,5-ից բարձր միավոր որոշ քննական առարկաներից, այսինքն շրջանավարտների 37 տոկոսը չի հանձնել քննությունները: Իսկ 51-ից 32 կտրվել է մաթեմատիկա առարկայից, երկրորդ տեղում ռուսերենն է, երրորդում՝ ֆիզիկան:
«Մեր դպրոցում ընդամենը 19 տոկոս է կազմել մաթեմատիկա առարկայից կտրվող աշակերտների քանակը: Վրաստանի մնացած դպրոցների հետ համեմատած մեր արդյունքները բավականին բարձր են: Ընդհանուր Վրաստանում մաթեմատիկա քննությունը չեն հանձնել ավարտականների 58 տոկոսը»,- ասաց Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան, թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը:
Թիվ 1 հանրային դպրոցի 38 շրջանավարտներից 6 մեդալակիր են՝ 4 ոսկի և երկու արծաթ, իսկ 8-ը չեն կարողացել հաղթահարել քննությունների նվազագույն շեմը:
Վրաստանում ավարտական քննություններն անցկացվում են համակարգչային թեստավորման մեթոդով (CAT-ի տեսքով): Յուրաքանչյուր առարկայի մինիմալ անցողիկ շեմը 5,5 միավորն է: Իսկ ավարտական քննություններին հետևում են մինիմումը 2 դիտորդ քննությունների և գնահատականների Ազգային կենտրոնից: 2016 թվականին 12-րդ դասարանի աշակերտների քանակն ամբողջ Վրաստանում 44 000 է, իսկ Ախալքալաքի շրջանում՝ 553:
«Ճիշտն ասած համակարգչով քննության բարդությունն ու պարզությունը չեմ հասկանում: Լավ սովորող աշակերտը վատ արդյունք է ցուցաբերում, իսկ վատը՝ հակառակը: Աշակերտների մեծ մասը հույսը դնում է օգնողների վրա, լավ սովորողները օգնում են մյուսներին, արդյունքում իրենց ժամանակը լրանում է: Այսօր մեր դպրոցի լավ ու վատ սովորող աշակերտները գրեթե նույն միավորներն են հավաքել»,- նշեց Կորխ գյուղի դպրոցի տնօրեն Գալյա Իրիցյանը:
2016 թվականին Վրաստանում դպրոցական ավարտական քննությունների համար գրանցվել էին 47 000 շրջանավարտ, որոնցից 41 600-ը պատրաստվում էր դիմել բարձրագույն հաստատություններ: Մինչդեռ, դպրոցական ավարտական քննությունների ավարտից հետո ԲՈՒՀ-երում ընդունելության քննություններ հանձնելու իրավունք ունեցող դիմորդների քանակը կրճատվել է, և կազմել շուրջ 38 000 դիմորդ:
«Երկրում գրեթե 10 000 շրջանավարտ չի կարողացել հանձնել ավարտական քննությունները: Դպրոցական քննություններին վրաց լեզվից կտրվել է շուրջ 900 շրջանավարտ: Պատմության քննությանը մասնակցել է 42 000 դպրոցական, որոնցից շուրջ 2 000 կտրվել է: Օտար լեզվի քննությանը մասնակցել է շուրջ 43 000 դիմորդ, որոնցից նվազագույն անցողիկ սանդղակը կարողացել է հաղթահարել շուրջ 85%-ը, այսինքն 6 500 մարդ չի կարողացել ստանալ նվազագույն անցումային միավորը: Բավականին տխուր արդյունքներ է տվել մաթեմատիկայի քննությունը` 42 700 շրջանավարտից 36 000 կարողացել է հաղթահարել անցումային սանդղակը, իսկ 5 000 շրջանավարտ կտրվել է մաթեմատիկայի քննությունից: Ինչ վերաբերում է քիմիայի քննությանը, այստեղ կտրվել է գրեթե 500 դպրոցական: Դպրոցական քննությունները բարեհաջող հանձնած շրջանավարտների ավելի հստակ տվյալները կհաշվվեն մոտակա օրերին», – այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային Քննական Կենտրոնի տնօրենը:
Աղունիկ Այվազյան