Այսօր Ջավախքի կարտոֆիլագործների հիմնական հոգսն է կարտոֆիլի տերևները ոչնչացնող կոլորադյան բզեզը: Մարդիկ տարբեր միջոցներ են ձեռնարկում վնասատուից ազատվելու համար, սակայն մասնագետները առաջարկում են իրենց տարբերակը:
Ախալքալաքում կարտոֆիլի փարթամ տերևները ոչնչացնում է կարտոֆիլի «թշնամին»՝ կոլորադյան բզեզը: Ամեն տարի հողագործները հույս են փայփայում, որ այս տարի բզեզը չի վնասի կարտոֆիլի դաշտերը, սակայն ամեն տարի այն հայտնվում է ու բազմանում:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն խոսում է ժամանակակից տեխնոլոգիաների մասին, որոնց շնորհիվ էլ կարելի է ոչնչացնել կոլորադյան բզեզը։
“Կարտոֆիլը ցանելու ժամանակ այն պետք է դեղել հատուկ դեղերով, երբ որ կարտոֆիլը կաճի այլևս կոլոադյան բզեզ չի լինի վրան։ Հիմնականում այն տարածված է Ախալքալաքի մունիցիպալիտետում։
Երբ որ մինչ ցանելն է սերմը դեղվում, այդ խնդիրը արդեն լուծվում է, սակայն այդ դեղը թանկ է և պահանջում է որոշակի ժամանակ և աշխատանք, այդ իսկ պատճառով էլ հողագործները դժվարանում են անել այդ գործը։ Հիմնականում դեղում են, երբ որ արդեն կարտոֆիլը աճում է”, – ասաց նա։
Կոլորադյան բզեզը հիմնականում բազմանում է այն դաշտերում, որտեղ երկու կամ ավելի տարի անընդմեջ կարտոֆիլ է ցանվում, ցանքաշրջանառություն չի իրականացվում։ Անցած տարվա մնացաց կարտոֆիլը նույնպես աճում է և հիմնականում կոլորադյան բզեզը հին կարտոֆիլից է տարածվում նորի վրա։
Մի հեկտարի կարտոֆիլը դեղելու համար մոտավոր 50-60 լարի է հարկավոր դեղերի և մնացած տեխնիկական ծախսերը հոգալու համար։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն խորհուրդ է տալիս, որ ավելի լավ է դեղել այն ժամանակ, երբ կարտոֆիլը նոր է դուրս գալիս և չդեղել կարտոֆիլի կոկոն կամ ծաղկման ժամանակ, քանի որ ծաղկման շրջանում 15-30%-ով բերքատվությունը նվազում է։
Գայանե Ակոջյան