Վերջին օրերին Ջավախքի տարբեր գյուղերում տարբեր ուժգնության կարկուտ է տեղում: Որքա՞ն է կարկուտի վնասը և ի՞նչն է ավելի մեծ վնաս պատճառում` այս ամենի մասին Jnews-ի նյութում:
Ջավախքում կարկուտը հարվածում է ըստ գոտիների: Օրինակ, եթե օգոստոսի 11-ին կարկուտը տեղացել էր Խանդո գյուղի ցանքատարածությունների մի մասի վրա, ապա այսօր՝ օգոստոսի 13-ին, արդեն կարկտահարվել է մնացած մասը: Նույն գյուղում վնասը տարբեր է: Որոշ տեղերում կարկուտը ավելի մեծ չափի է, և փոքր-ինչ ավելի երկար է տևում՝ հասցնելով ջարդել ամեն ինչ իր ճանապարհին, իսկ որոշ տեղերում՝ ավելի չափավոր:
Ջավախքի Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովն ասում է, որ կարկուտը ամբողջ Վրաստանում վնասում է բերքը՝ ըստ գոտիների: Նինոծմինդայի գյուղերը մեծ վնաս են կրել, իսկ Ախալքալաքում, տուժել են Դիլիսկա-Չունչխա, Ալաստան, Խանդո, Ասպինձայում՝ Խերթվիսի-Տոլոշի գոտիները:
«Դա կախված է նրանից, թե քանի րոպե կամ վայրկյան է տևել կարկուտը: Կախված է նրանից նաև, թե կարտոֆիլն ինչպիսին է, ըստ այդմ վնասը տարբեր է: Եթե, օրինակ, կարտոֆիլի վաղահաս սորտերն են ցանված, ապա դրանք վեգետացիոն, աճման շրջանում են, հետևաբար, կորուստը չնչին կլինի: Կարտոֆիլի ուշահաս տեսակները, իհարկե, այժմ ավելի շատ են տուժել, սակայն հնարավոր է դրանք որոշ չափով վերականգնել պղնձի ֆունգիցիդներով: Որքան շուտ դրանք պարարտեցնել, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել», – ասում է նա:
Ինչպես նշում է փորձագետը, այս ֆունգիցիդները թույլ կտան գոնե փրկված մասին հավաքել զանգված:
Գյուղատնտեսական ապահովագրությունը, որը նման դեպքերում ստեղծված իրավիճակից լավ ելք է հանդիսանում, Ջավախքում տարածում չի վայելում: Ըստ Մացուկատովի, դա գալիս է մի քանի պատճառներից` անվստահություն ֆերմերների նկատմամբ, ոչ ստանդարտ հաշվարկ, որը պարզ չէ ֆերմերի համար: Այժմ օգտագործվում է վնասի գնահատման նոր բանաձև՝ իսպանական մոդելը, որը հաշվարկում է վեգետացիոն սեզոնի ընթացքում: Եթե դասական մոդելի միջոցով հաշվարկված վնասը գնահատվում է 60%, ապա նոր մոդելը հաշվի է առնում նաև վեգետատիվ շրջանը, ինչը նվազեցնում է վնասի տոկոսը:
Ըստ փորձագետի, եթե կարկուտից հասցված վնասը 15-20% է, ապա ոռոգման բացակայությունից` 40% է: Այսինքն՝ ոռոգման հնարավորության բացակայությունը նույնիսկ ավելի մեծ վնաս է հասցնում, քան կարկուտը: Այն հարցին, թե ինչու շրջանում, որտեղ կան բավարար ջրային ռեսուրսներ՝ ոռոգման համար բավարար ջուր չկա, Մացուկատովն ասում է, որ պատճառը ոչ պատշաճ կառավարումն է: Ոռոգման համակարգը, նրա կարծիքով, հարկավոր է փոխանցել տեղի մունիցիպալիտետին: