Ախալքալաքի միակ հասարակական զուգարանը, որը կառուցվել է անցյալ տարի քաղաքի կենտրոնում, դեռ չի բացվել:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, 2018 թ.-ի ապրիլին ասել էր, որ Քաղաքապետարանը մոտ օրերս զուգարանը կհանձնի Ախալքալաքի սպասարկման կենտրոնին, հիմա մնացել է միայն որոշել սպասարկման վարձը:
Արդեն անցել է երկու ամիս, սակայն հասարակական զուգարանը դեռ չի աշխատում: Զուգարանի կողքերը լցված են աղբով: Շենքի հարևանությամբ գտնվող տարածքը վերածվել է զուգարանի, և տհաճ հոտ է գալիս:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասում է, որ զուգարանի շենքը դեռ չի հանձնված Ախալքալաքի սպասարկման կենտրոնին, քանի որ այն չի եղել քաղաքապետարանի հաշվեկշռում:
«Այս հարցն արդեն լուծված է և օրերս մեզ կփոխանցվի: Այն կլինի վճարովի, որպեսզի աշխատողներն, ովքեր մշտապես հետևելու են մաքրությանը, աշխատավարձ ստանան: Դեռ կոնկրետ որոշված չէ, բայց բանավոր պայմանավորվածության համաձայն կլինի 20 թեթրի: Կընդունենք երկու աշխատողի և կբացենք”, – ասաց Արմեն Բիչախչյանը:
Նշենք, որ երկար տարիներ տեղական իշխանությունները հասարակական զուգարան կառուցելու համար տեղ չէին կարողանում գտնել: