Ախալքալաքում հասարակական զուգարան կառուցված է, սակայն դեռ չի գործում:

Հասարակական զուգարանի շրջակա տարածքը լցված է շինարարական աղբով: Բացի այդ, զուգարան է դարձել շենքի շրջակա տարածքը: Այնտեղ հակահիգիենիկ վիճակ և տհաճ հոտ է տիրում:

Հասարակական զուգարանը, որը կառուցվել էր անցյալ տարի քաղաքի կենտրոնում, մարզահրապարակի կողքին, դեռ չի աշխատում: Հարկ է նշել, որ սա քաղաքի միակ հանրային զուգարանն է:

Ախալքալաքի քաղաքապետարանում մեզ ասացին, որ զուգարանը հանձնվել է «Ախալքալաքի սպասարկման կենտրոնին», սակայն դեռ որոշված չէ, թե ինչպես է այն աշխատելու:

«Մենք հիմա մտածում ենք, թե ինչ խորհրդանշական գին նշանակենք: Սկզբից, մենք ուզում էինք անվճար անել, բայց մտածեցինք, որ վճարը մարդկանց համար կլինի տարածքը չփչացնելու գործոն: Կարծում ենք լավագույն տարբերակը կլինի 20 թեթրին, թանկ չէ և կարող ենք պահել մի աշխատողի, ով կհետևի շենքին», – ասում է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Հարկ է նշել, որ երկար տարիներ տեղական իշխանությունները չէին կարողանում տարածք գտնել հանրային զուգարան կառուցելու համար: