Դարբինյան փողոցի վերջնամասում, բնակիչների խնդրանքով, ավելի շատ ասֆալտ կփռեն, քան նախատեսված էր նախագծով :

2018թ.-ի մայիսին Դարբինյան փողոցի բնակիչ Արտակ Խոցանյանը դիմել էր մեր խմբագրություն, բողոքելով, որ փողոցն ասֆալտապատում են իրենց տներից ահագին հեռու: Այնպես որ, իրենց տների և փողոցի երթևեկելի մասի միջև մնում է բավականին մեծ անբարեկարգ տարածք:

Այդ ժամանակ Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժնում մեզ հայտնեցին, որ նախագծողը հաշվարկել և նախագծել է ճիշտ, ու այլ կերպ անհնար էր:

Սակայն, այսօր պարզվեց, որ արդեն մնացած մասը նույնպես ասֆալտապատվում է:

«Հաշվի առնելով բնակիչների դժգոհությունը, շինարարական ընկերությունը համաձայնել է իր հաշվին ասֆալտապատել անբարեկարգ տարածքը: Գնացինք այնտեղ բոլոր բնակիչներին կանչեցինք, հարցրեցինք, թե արդյոք նրանք համաձայն են, որ հետագայում բողոքի առիթ չլինի: Ոչ ոք դուրս չեկավ, միայն երկու մարդ: Նախագծում կան նաև անկանխատեսելի ծախսեր, այդ գումարը ընկերությունը կարող է ծախսել այդ նպատակով», – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:

Դարբինյան փողոցի (վերջնամասի) ասֆալտապատման տենդեր մրցույթը հաղթող «Ջավախ Ավտո Գզա» շինարարական ընկերությունն արդեն մանրախիճ է լցրել նախագծով չնախատեսված մասերում, տների առջև, եզրաքար/բորդյուր տեղադրել և շուտով կասֆալտապատի:

«Մենք դա անում ենք քաղաքին նվեր », – ասաց «Ջավախ Ավտո Գզա» ընկերության փոխտնօրեն Ջաբա Ձիրկվաձեն, հեռախոսազրույցի ժամանակ, սակայն չկարողացավ պատասխանել, թե որքան է չնախատեսված մասի տարածքը: Ըստ մեր մոտավոր հաշվարկների այդ տարածքը կազմում է 250-300 քառ/մ:

Մնացած մասի ասֆալտապատման համար շինարարական ընկերությունը միակողմանի տեղադրել է եզրաքարեր/բորդյուրներ, որպեսզի հետո ասֆալտապատի: Բայց դա էլ արդեն այլ բնակչի դժգոհությունն է առաջացրել:

дарбинян1

Լրացուցիչ տեղադրված եզրաքարից/բորդյուրից բողոքում է Բիչախչյանների բարեկամը, ով հետևում է տանը քանի դեռ սեփականատերը գտնվում է արտերկրում:

«Մենք ստիպելու ենք, որ այդ եզրաքարերը/բորդյուրները հանեն, դրանք ավելի բարձր են, քան մայթը: Ինչպես պետք է մեքենան մտնի տուն: Այս բորդյուրն ավելորդ էր, կարող էին միայն ասֆալտապատել », – ասում է Բիչախչյանի բարեկամը:

дарбинян

Շուշան Շիրինյան