Ախալքալաքի №2 ռուսական դպրոցի մոտ, Չարենցի փողոցում անցյալ տարվանից փակած չէ փոսը, որով անցնում է բարձր լարման հաղորդալարը: Այս հարցի բոլոր պատասխանատուները «մեղավոր չեն», դրպոցականների անվտանգությունը, ու ոչ միայն նրանց, այլև ով անցնում է այդ փողոցով ուշադրության կենտրոնում չէ:
Պարբերաբար խորը և երկար փոսը (մոտավորապես 100 մ) Չարենցի փողոցում լցվում է մանրախճով, որպեսզի վտանգ չդառնա հետիոտնի և տրանսպորտային միջոցների համար, բայց հորդառատ անձրևները լվանում են մանրախիճը և տարածում փողոցի երկայնքով: «Էներգո Պրո Ջորջիա»-ի բարձր լարման հաղորդալարը, որով էլեկտրաէներգիա են ստանում նախկին զինվորական քաղաքը և շրջակա տարածքները, վտանգավոր է դառնում յուրաքանչյուր աշակերտի և անցորդի համար:
Անցյալ տարվա աշնանը «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությունը փոխել էր բարձր լարման լարը, որը հասնում է մինչև նախկին զինվորական քաղաք: Փորված փոսը ծածկվի էներգոմատակարարման ընկերությունը պայմանագիր է կնքել «Ջավախ Ավտո Գզա» ընկերության հետ, որպեսզի նրանք վերաասֆալտապատեն: Չնայած մինչ հիմա, յոթ ամիս անց, փոսը դեռ բաց է, այն պարբերաբար ծածկվում է մանրախճով և լվացվում անձրևներով:
ՍՊԸ «Սանիտարական մաքրման» տնօրեն Պարգև Յորդանյանը jnews.ge-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ նրանք արդեն այս տարվա մեջ հինգերորդ անգամ են ծածկում լարերը մանրախճով: Ըստ նրա, չնայած դա չի մտնում իր իրավասությունների մեջ, սակայն իրենց աշխատողները անում են այդ աշխատանքը, ինչպես նաև մաքրում փողոցը, ապահովելու համար անվտանգ երթևեկություն:
Իրավիճակի պարզաբանման համար դիմեցինք Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանին:
«Այսօր էլի կծածկեն: Խնդիրներ կան «Էներգո Պրո Ջորջիա»-ից գումարների փոխանցման հետ: Նրանք պետք է փոխանցեին 6000 լարի ասֆալտապատման համար, սակայն փոխանցել են 3500 լարի: Այսօր կփոխանցեն մնացած գումարը և կվերաասֆալտապատենք»,- ասաց Էդուարդ Աղասարյանը:
«Էներգո Պրո Ջորջիա»-ի Ախալքալաքի գրասենյակի գլխավոր ինժեներ Ենոք Բաբաջյանն ասաց, որ գումարը փոխանցել են դեռ անցյալ տարի, ինչու՞ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը դեռ չի փակել փոսը, նրանք չգիտեն:
Իր հերթին «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն` Նոդար Ինասարիձեն ասում է, որ «Էներգո Պրո Ջորջիա»-ն փոխանցել է գումար մանրաքարի համար, ոչ թե ասֆալտի, և, որ նրանք այնքան աշխատանք ունեն, որ չեն էլ հիշել այդ աշխատանքների մասին:
«Մեզ այսօր ասացին, և մենք արդեն կանենք, արդեն աշխատում ենք: Մենք ծանրաբեռնված ենք աշխատում: Իսկ այս աշխատանքը ես պարտավոր չեմ անել: Մենք այսօր կծածկենք փոսերը, բայց պարտավոր չենք ասֆալտապատելու: Պետության առջև ես ոչ մի պարտավորվածություն չունեմ, մինչև գումարները չփոխանցեն: Չնայած շրջանի հետաքրքրություններից ելնելով մենք կարող ենք ասֆալտապատել: Բայց դա նրանց լարն է, թող նրանք էլ անեն: Ինձ ձեռնտու չէ 10-20 քառ. մետրի համար հանել աշխատողներին ուրիշ աշխատանքից ու ուղարկել այնտեղ, սարքավորումները նույնպես կտրել հիմնական աշխատանքից ու տանել այդտեղ ձեռնտու չէ»,- ասաց Նոդար Ինասարիձեն:
Արդյունքում միանշանակ չէ, ով է արդար, ով մեղավոր: Սակայն այս փաստը վկայում է բոլոր պատասխանատուների անպատասխանատվության մասին: Հույս է տալիս, միայն այն, որ խնդրի լուծման մեխանիզմը աշխատեց, երբ սկսեցին փնտրել մեղավորներին:
Շուշան Շիրինյան