Ախալքալաքի նախկին 14-րդ զինվորական ավանում Energo Pro Georgia-ի գրասենյակի հարևանությամբ խողովակի վթարը վերացվել է 8 ամիս առաջ, սակայն փոխարենը առաջացած լողավազանը առկա է մինչ օրս:

Ամիսներ շարունակ բնակիչները ստիպված են լինում ոչ միայն անձրևաջրերից առաջացող գարշահոտությունը շնչել, այլև փողոցը շրջանցել, որովհետև փողոցի այս հատվածով երթևեկությունն անհնարին է դարձել:

Jnews-ի խմբագրությունը հեռախոսազանգ և լուսանկարներ ստացավ, որ անցած տարվա հոկտեմբեր ամսից մինչև հիմա ոչ-ոք ոչինչ չի ձեռնարկում: Չնայած որ տարածքի բնակիչները հավաքական նամակով քաղաքապետարան են դիմել, բայց գործին ընթացք չի տրվել: Ինչպես փոսը եղել է, այդպես էլ մնացել է:

«Անցած տարի հոկտեմբերին ջրի խողովակը տրաքել էր, եկան փորեցին և այդպես էլ մինչև օրս մնացել է, անձրև է գալիս դառնում է լողավազան: Բնակիչներս դիմում գրեցինք, որ խողովակները հին են և պետք է ամբողջը փոխել մինչև ասֆալտ անելը, բայց այդպես էլ ընթացք չտրվեց գործին: Այդ ժամանակ ուղղակի վթարը վերացրին, խողովակները չփոխեցին», – ասաց մեր խմբագրություն զանգահարած բնակիչը, չցանկանալով հրապարակել անուն ազգանունը:

poxoc1
Ախալքալաքի Ջրամատակարարման միավորում կազմակերպությունը տեղեկացված էր այս խնդրին և մեզ հետ հեռախոսազրույցում խոստացան շուտափույթ լուծում գտնել:

«Այսօր առավոտյան մի բնակիչ էր զանգել ձեր նշած խնդրով: Խնդրի մասին տեղյակ ենք, շուտով մեր աշխատանքային խումբը կլինի տեղում և կպարզի իրավիճակը: Կաշխատենք վերացնել խնդիրը: Ուղղակի այս պահին վթար ունենք, հենց վերջացնենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց Ախալքալաքի Ջրամատակարարման միավորման տնօրեն Արտակ Թարլամազյանը:

Բանն այն է, որ երբ ջրագծի վթարը վերացրել են, այդպես էլ փոսը չեն փակել, ինչի հետևանքով այս փողոցով երթևեկությունը անհնարին է, վարորդները ստիպված են լինում շրջանցել:

poxoc2

Աղունիկ Այվազյան