Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում անցյալ տարի աճեցված կարտոֆիլը ոչ մի կերպ չի վաճառվում: Բնակիչները տագնապի մեջ են, արդեն գարուն է, կարտոֆիլը նկուղներում սկսում է փչանալ:

Կորխ գյուղում, ինչպես Ախալքալաքի մունիցիպալիտետի մյուս գյուղերում, մարդիկ կանգնած են գումարի սղության խնդրի առջև: Գյուղում ապրում է շուրջ 110 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրն այստեղ գյուղատնտեսությունն է, և իհարկե, սեզոնային արտագնա աշխատանքները: Արտասահման մեկնելը փակ սահմանների պատճառով չհաջողվեց, իսկ գյուղատնտեսության մեջ ներդրված ջանքերն էլ արդյունք չտվեց:

Կորխ գյուղի բնակիչ Արտյուշ Աթանյանը դժգոհում է, որ բացի կարտոֆիլից, բոլոր մթերքները թանկացել են: Նրա խոսքով, վերջերս այն ընդհանրապես չի իրացվում:

«Այս տարի շատերի նկուղներում կարտոֆիլը փտում է, գնորդներ չկան, խնդրում եմ ասացեք՝ մենք ի՞նչ անենք», – ասում է նա:

Գյուղացիների խոսքով՝ գյուղում բազում խնդիրներ կան, չկան նորմալ ճանապարհներ, ամբուլատորիա, կա խմելու ջրի պակաս, իսկ ոռոգման ջուր ընդհանրապես չկա: Թեև, այս խնդիրների մասին այստեղ խոսում են որպես հիմնախնդրին նախերգանք:

2

Իշխան Հակոբյանը կարծում է, որ պետությունը պետք է օգնի գյուղացիներին:

«Ամեն ինչ թանկացել է՝ թե՛ սնունդը, թե՛ վառելիքը: Ինչպե՞ս ապրենք, եթե այս պահին մարդիկ աշխատանք և փող չունեն: Թող Վրաստանը կարտոֆիլ չներմուծի այլ երկրներից, որպեսզի տեղացիները կարողանան իրացնել իրենց գյուղմթերքը», – ասում է նա:

Կարտոֆիլի վաճառքի խնդիրն անհանգստացնում է ոչ միայն Կորխի բնակիչներին: Այս խնդիրը արդիական է բոլոր փոքր և միջին հողագործների համար: Վերջինններիս թիվը շատացել է՝ կապված այն բանի հետ, որ շատերը չեն մեկնել խոպան: Դե իսկ այս տարի գնորդները շատ ավելի քիչ են:

Բրատիսլավ Իգիթխանյան