Ջավախքի բնակչության մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Անցած տարվա վաստակած ռուբլիները, որոնք խոպանչիները մաս-մաս են փոխանակում լարիով, լրիվ արժեզրկվեցին։ Հիմա Ջավախքում խոպան մեկնելու սեզոնն է, սակայն բնակիչները դեռ սպասում են անորոշության մեջ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով:
Jnews-ը այցելեց երկու գյուղ, որտեղի տղամարդկանց մոտ 90%-ը գնում է “խոպան”։ Թե Կորխում, թե Խանդոյում կարծում են, որ այս պատերազմը մեր երկրի տնտեսական վիճակի վրա լուջ ազդեցություն կունենա։ Ըստ այստեղի ընտանիքների պլանավորած բյուջեների, անցած տարվա վաստակած գումարը պետք է 1-2 ամիս ևս ապահովեր ընտանիքը, ինչպես նաև հոգար գյուղատնտեսական աշխատանքների առաջին փուլի ծախսերը: Սակայն այդ պլանը փլուզվեց, մարդիկ ոչ կարող են շտապ մեկնել աշխատանքի, ոչ կարող են եկամտի այլ աղբյուր գտնել:
“Մեր էկոնոմիկան մեծ մասամբ կախված է Ռուսաստանից, մեր վարչապետը ոչ մի սահմանափակում չի անում, մենք համաձայն ենք նրա հետ։ Մեր ֆինանսի 90%-ը Ռուսաստանից է և մենք նրանց կողմից ենք։ Ռուսաստանը, որ չլինի մենք սոված կմնանք։ Ռուսական փողը ներկայիս դրությամբ կորած է, իսկ ժողովրդի ձեռքը հիմնականում ռուսական է, դրան զուգահեռ երկրում ամեն ինչ թանկանում է, կարտոֆիլ ցանելը դժվարանում է, ապրուստի միակ միջոցը մնում է Ռուսաստանը։ Հիմա բնակիչները սպասում են, որ գնան, չգիտեն էլ գնան թե չէ”, – ասում է Կորխի բնակիչներից մեկը, ով միշտ արտագնա աշխատանքի է գնում Ռուսաստան։
Մեր խնդրանքին, որպեսզի մեր զրուցակիցները ներկայանան, նրանք վրդովված պատասխանեցին. «ինչ տարբերություն, մենք Կորխի բնակչության անունից ենք ասում»:
Կորխի տղամարդկանց 95%-ը գնում է արտագնա աշխատանքի Ռուսաստան, գյուղում միայն մնում են ծերերը, փոքրերը և կանայք։ Բնակիչները ասում են, որ այստեղ չկա գործարան, կամ այլ աշխատանքի տեղ, որ մարդիկ մնան, այստեղ աշխատեն, չգնան Ռուսաստան։ Լուրջ և մտահոգված դեմքերով բնակիչները կատակում են. «մի գյուղապետ ունենք, նա էլ մենակ իր աշխատավարձով բոլորիս չի կարող պահել»:
“Ռուսաստանից գումար ենք ուղղարկում, որից էլ հարկ ենք տալիս, որն էլ պետությանը ձեռնտու է, իսկ եթե սահմանափակում կիրառի, ընդհանրպես ձեռնտու չի լինի։ Ախալքալաքի յուրաքանչյուր գյուղում մեծ մասը գնում են խոպան, սահմանափակում որ անեն, ինչ է լինելու մեր վիճակը”, – ասում է բնակիչը։
Կորխում շատ է նաև արտագաղթը, հիմնականում գնում են Ռուսաստան։ 30 տարի անց 400 տնտեսությունից գյուղում մնացել է՝ 100-ը։
Ռուս-ուկրաինական պատերազմի մասին խոսելիս, բնակիչները հիշում են Ղարաբաղի երկրորդ պատերազմը: Կորխի բնակիչները նշում են, որ մինչև հիմա չեն կարող մոռանալ, որ Ուկրաինան բացե ի բաց Ադրբեջանին էր սատարում, նաև հավելում են թե, ինչո՞ւ Ղարաբաղի պատերազմի ժամանակ ոչ մեկ Ադրբեջանի դեմ սանկցիաներ չկիրառեց:
“Իհարկե պատերազմը շատ վատ բան է, թող ոչ մի երկրում չլինի, պատերազմը միայն կորուստ է, ցավ ու տառապանք, սակայն մենք չենք մոռանում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ուկրաինայի դիրքորոշման մասին”։
Բնակիչների կարծիքները չեն տարբերվում Խանդո գյուղում:
“Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմը ամենաշտը կազդի Անդրկովկասի, հատկապես Ջավախքի բնակիչների վրա։ Ֆինանսապես ամենաառաջինը մեր վրա է ազդեցություն ունեցել, հիմա տեսել եք ռուբլու արժեքը ուր է հասել։ Մեր ապրուստի 70%-ից ավելին Ռուսաստանից է գալիս, ոչ թե Ուկրաինայից”, – ասում են Խանդոյի բնակիչները։
Ռուս-ուկրաինական պատերազմի մասին խոսակցության հենց սկզբից նրանք հիշեցնում են 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի օրերը, իսկ ավելի հստակ ասում են, որ Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանին սատարում է ամեն ձև։
“Առավոտյան մտա համացանց և տեսա հայտարարություն, որ մենք հումանիտար օգնություն ցուցաբերենք Ուկրաինային, իմ կարծիքով դա սխալ է, քանի որ, Ուկրաինան բացահայտ Ադրբեջանի կողմից էր, ովքեր մեր երիտասարդներին էին սպանում, ինչո՞ւ ենք մենք պարտական, կամ ինչո՞ւ պետք է հավաքենք օգնություն”, – ասաց խանդոյի բնակիչը։
Խանդոյից էլ Ռուսաստան արտագնա աշխատանքի են գնում տղամարդկանց մեծ մասը, մոտ 85%-ը, իսկ մնացած 15%-ը մնում են գյուղում և զբաղվում գյուղատնտեսությամբ, հիմնականում կարտոֆիլ են մշակում։ Գյուղում մոտ 350 տնտեսություն է մնացել, 1990 թվականներին Խանդոյում եղել է 990 տնտեսություն։
Հիմա գյուղում ռուբլի ունեցող ընտանիքները, ով որ հնարավորություն ունի դեռ չի փոխանակում լարիով, ով որ չունի, ստիպված փոխում է։
“Մենք ռուսական փող ենք աշխատում, այստեղ դարձնում լարի, որ ապրենք: Հիմա ռուբլին ընդհանրապես արժեք չունի, այդ պատերազմը ուղիղ մեզ է վնասում։ Համ էլ Վրաստանը իր ապրանքներն էլ Ռուսաստան է արտահանում, այսօր ինչպես կարող է նա սահմանափակումներ կիրառի Ռուսաստանի դեմ։ Մենք գիտենք, որ Վրաստանն ու Ուկրաինան ինչպիսի հարաբերություններ ունեն, և ուզած չուզած պետք է հայտարարություններ անի վարչապետը Ուկրաինայի օգտին, ես կարծում եմ դա խաղ է։ Այսօր Վրաստանը ինքը ինչ ունի, որ Ուկրաինային էլ օգնի”, – ասում է Խանդոյի բնակիչը։
Նրանց մեծ մասը սպասում է իրավիճակի խաղաղեցմանը, որպեսզի գնան Ռուսաստան և ամեն տարվա պես շարունակեն իրենց աշխատանքը։