Ախալքալաքում վարորդները բողոքում են պարեկային ոստիկանների վերաբերմունքից, ՆԳՆ-ում ասում են, որ մինչև բողոքողները պաշտոնապես իրենց չդիմեն, նրանք ոչինչ չեն կարող ասել, կամ անել։

Մայիսի 13-ին, երեկոյան ճանապարհային ոստիկանության աշխատակիցները առանց որևէ ազդանշանի կանգնեցրին մեր ավտոմեքենան Ախալքալաքից Խանդո գյուղ տանող ճանապարհին։ Կանգնեցինք, երկու աշխատակից էին, մեկը վարորդին ասաց․
– Բա չե՞ս իջնում մեքենայից:
Վարորդը.
– Չեմ հասկանում Ձեզ, ես ինչու պետք է իջնեմ մեքենայից։
Այնուհետև աշխատակիցներից մեկը իջավ, մոտեցավ մեզ:
– Խմած ե՞ս:
– Ոչ։
– Դե հիմա կնայենք, խմած ես, թե ոչ, – ասաց ոստիկանը ու հանեց ստուգիչ սարքը, – գիտե՞ս թե ինչպես օգտվես, – հեգնանքով շարունակեց, – դե իհարկե կիմանաս։

Վարորդը ինչպես կարգն է կատարեց գործողությունները, ոստիկանները տեսան, որ խմած չէ այնուհետև հարցրին.
– Վարորդական իրավունք ունե՞ս:
Վարորդը ցույց տվեց վարորդական իրավունքը։

Ոստիկանները ասացին ազատ եք, մենք շարժվեցինք, հետևներիցս եկան և առանց թարթիչ (շրջադարձի ազդանշան) միացնելու մեր դեմով անցան և կողքի կանգնեցին։ Մենք հանգիստ շարունակեցինք մեր ճանապարհը։ Այնուհետև մեր հետևից եկան և արագ անցան մեր կողքով և անհետացան։

Նրանց նմանատիպ վերաբերմունքը զայրացնում է մարդկանց։

Ախալքալաքի բնակիչներից մեկը պատմում է, թե ինչպես են նրան վիրավորել և բաժին տարել պարեկային ոստիկանները։

«Կանգնած էի, մոտեցավ և ասաց դեբիլ հոմ չես, որ այստեղ ես կանգնել, ես էլ ասացի ինչու ես վիրավորում, ես էլ իրեն վիրավորեցի, այդ պահին զենք բարձրացրեց վրաս և տարավ բաժին: Եթե սխալ եմ կանգնել տուգանիր, ինչու՞ ես վիրավորում», – պատմում է վարորդը։

Մարդիկ բողոքում են նաև, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նաև հոգեբանական ճնշում են գործադրում։

«Մի անգամ որդուս հետ Նալբանդյան փողոցով գնում էինք, խանութի մոտ կանգնեցինք, մինչև գնացի խանութ եկա, ճանապարհային ոստիկանները տուգանում էին որդուս, մոտեցա և ասացի, ինչո՞ւ եք միայն մեզ տուգանում, հազարավոր մեքենաներ են կանգնած մեզ նման, աշխատակիցը ինձ ասաց, մի շարունակեք խոսել, թե չէ երկրորդ տուգանքը կգրեմ, վախից խելոք նստա մեքենա», – ասաց նա։

Բնակիչները հետաքրքրվում են նաև, թե արդյո՞ք ոստիկանն ունի առավելություն մյուս վարորդների նկատմամբ: Սակայն կանոնը չի տալիս նման առավելություն, եթե ձայնային ազդանշանները և փարոսիկը չեն միացված: Վարորդները նաև բողոքում են, որ ոստիկանները չեն հետևում որոշ կանոններին և դրանով միշտ անհարմար և նույնիսկ վտանգավոր իրավիճակ են ստեղծում մնացած վարորդների համար:

«Նրանք գալիս, առանց ազդանշանի անցնում են, այդ պահին ես ինչ իմանամ, անցնելու է, թե ոչ», – ասաց վարորդներից մեկը։

Դիմեցինք ճանապարհային ոստիկանության դեպարտամենտ, որպեսզի իմանանք, թե ինչպես կմեկնաբանեն վարորդների վերոնշյալ բողոքները:

«Իհարկե, ոչ մեկ իրավունք չունի վիրավորել ինչ-որ մեկին, սակայն եթե բնակիչները բողոք ունեն, եթե տուգանքը սխալ է գրված, կամ եթե վիրավորել են, թող գրավոր դիմում ներկայացնեն, կամ զանգահարեն թեժ գիծ 126», – ասաց Ճանապարհային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցը։

Գայանե Ակոջյան