Ախալքալաքի քաղաքապետարանը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքի վերանորոգման համար։

Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի վերանորոգման համար տենդերը հայտարարվել է 2022 թվականի հունիսի 10-ին։ Տենդերի սկզբնական գումարը կազմում է 226 436 լարի։ Հայտերի ընդունումը կավարտվի հուլիսի 1-ին։

Այս գումարով, մրցութային փաստաթղթերի հիման վրա, նախատեսվում է ապամոնտաժել և փոխել առաջին հարկի միջանցքի հատակը, առաստաղը և պատերը, ապամոնտաժել սանհանգույցների միջնապատերը, ապամոնտաժել պատուհանները։ Երկրորդ և երրորդ հարկերում պետք է հանվի նաև հատակի, առաստաղի և պատերի վերին շերտը։ Կփոխվեն առաջին և երկրորդ հարկերի դռները։ Ապամոնտաժումից հետո կիրականացվեն հետեւյալ աշխատանքները. Առաջին հարկի զուգարանում պետք է կառուցվի բլոկերից միջնապատ և տեղադրվի նոր դուռ։ Առաջին, երկրորդ և երրորդ հարկերի միջանցքներում կկառուցվի գրանիտե հատակ, կներկվեն առաստաղներն ու պատերը, ինչպես նաև առաջին և երկրորդ հարկերում կտեղադրվեն ալյումինե դռներ։

Քաղաքապետարանի կամ, ինչպես նախկինում անվանում էին՝ գամգեոբայի շենքը, հիմնանորոգման ենթակա չէր, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 2000-ականների վերջին, մասնակի վերանորոգվել էր, փոխվել էին պատուհանները, դռները, սանհանգույցները։ Շատ սենյակներում և ճեմասրահներում գույքը մնացել է խորհրդային ժամանակներից: