Ախալքալաքում արտադրություն գրեթե չկա, սպասարկման բիզնեսը «կաղում» է, առևտուրը կարծես թե առաջ է գնում, առանց դրա անհնար է, բայց այս ոլորտում էլ է բիզնեսը «տուժում»։ JNEWS-ը որոշել է պարզել, թե ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են գործող բիզնեսներն անընդհատ խնդիրների բախվում, իսկ պոտենցիալ բիզնեսներին եռանդով չեն մոտենում, չնայած այն հանգամանքին, որ կան օժանդակող դրամաշնորհներ:
2021 թվականին Ջավախքում տուգանվել է 11 բիզնես օպերատոր։ Տուգանքի չափը կազմել է 100-ից 1000 լարի։ Մասսայական տուգանումների դեպքեր գրանցվել են նաև նախկինում, օրինակ՝ 2014 թվականին 24 գործարարներ հանդիպել էին հարկային ծառայության ներկայացուցիչների հետ, դիմել տեղական իշխանություններին։ Պատճառը ահռելի տուգանքներն էին, որոնց չափերը սկսվում էին 500-ից՝ հասնելով մինչև 1 000 000 և ավելի լարի։
Ջավախքի տնտեսությունը կախված է արտերկրից ֆինանսական փոխանցումներից։ Մասնավորապես, Ռուսաստանից, որտեղից էլ ներհոսում են տեղացիների վաստակած դրամական միջոցները։ Կարծիք կա, որ առանց այս գումարի շրջանը չի կարող իր գոյությունը պահպանել։ Տեղական բիզնեսը թույլ է զարգացած, ներդրումներ չեն արվում։ Արտադրությունը զարգացնելու փորձերը եղել են ոչ վաղ անցյալում, օրինակ՝ Նինոծմինդայում գործարկվել է կարի ֆաբրիկա, որը կարճատև գործունեությունից հետո պարզապես փակվել է, նմանատիպ մեկ այլ փորձ եղել է Ախալքալաքում ևս՝ գարեջրի արտադրությունը, որը չի հաջողվել զարգացնել և արդյունքում այս արտադրությունը սնանկացել է։ Թեև կան նաև հաջողված փորձեր, որոնք հիմնականում առևտրի հետ են կապված։
Ռուզան Քոշատաշյանը բիզնեսի զարգացման և ֆինանսների մասնագետ է։ Նրա կարծիքով, ամենամեծ խնդիրը, որին բախվում է բիզնեսն Ախալքալաքում, մարդկային ռեսուրսների և իրենց մտավոր ներուժը կիրառող մարդկանց բացակայությունն է։
«Բիզնեսին հարկավոր է միջին, բարձր մակարդակի կառավարում, որը պետք է աշխատի թղթաբանության, փաստաթղթերի, հաշվարկների հետ, որտեղ պետք է կիրառվի տրամաբանությունը, ստեղծագործական մտածողությունը և այլն: Գործարարներին պետք են լավ մասնագետներ, որպեսզի իրենց բիզնեսը ծաղկի: Ինչ վերաբերում է աշխատանքին, եթե գիտես ճիշտ ուղղությունը, բոլոր բացերը, ուրեմն քեզ համար շատ ավելի հեշտ է։ Դե իսկ հարկային համակարգի մասով ես այն կարծիքին եմ, որ գիտելիքը ուժ է։ Ինչ է դա նշանակում, եթե ունես մասնագետ, որը քեզ ճիշտ ուղղություն է ցույց տալիս, եթե ունես լավ խորհրդատու, խելացի իրավաբան և այլն: Իհարկե, այս դեպքում ամեն ինչ հեշտանում է: Բայց եթե ինքներդ եք դա անում, ապա դժվար է: Իրոք, դժվար է: Որովհետև ամեն օր ինչ-որ բան փոխվում է, որոշ նրբություններ են հայտնվում օրենսդրության մեջ, որոշ նորարարություններ»,- ասում է նա։
Ռուզանը կարծում է, որ օրենքները չկատարելու դեպքում բիզնեսը կարող է տուգանվել: Մեծ մասամբ, ըստ նրա, օրենքները խախտվում են ոչ միտումնավոր:
«Խախտումները կատարվում են հիմնականում այն պատճառով, որ կոնկրետ տեղեկատվությունն իրենց չի հասնում կամ հասնում է, բայց՝ սխալ։ Շատ քչերն են օրենքը խախտում նպատակաուղղված, գիտակցաբար։ Եթե բիզնեսը սխալ կառուցվածք ունի, սխալ է վարում հաշվառումը, որոշ ինքնարժեքներ, ծախսեր… Երբ այս ամենը սխալ է արվում, ու հետո արդեն գալիս է հարկայինը, իր մեթոդներով հաշվարկում և պարզվում է, որ չի համընկնում, ապա այդ դեպքում տուժում է գործարարը։ Այսօր, Հարկային ծառայությունը պահանջում է, որ հաշվարկներն անեք սահմանված կարգով, այնպես որ, եթե հաշվարկներն անում եք ձեր ձևով, սովորաբար տուժում եք հենց դուք»,- ասում է նա։
Տնտեսագետ Հռիփսիմե Օվանօղլյանի կարծիքով՝ Ախալքալաքի բիզնեսի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող գործոններ կան։ Եվ դրանցից մեկը պետական լեզվի չիմացությունն է։
«RS.ge էլեկտրոնային ծառայության յուրաքանչյուր տեղեկության, յուրաքանչյուր փոփոխության մասին ծանուցվում է նամակի տեսքով, շատերը պարզապես բացում են այդ նամակները և չեն կարդում դրանք, չնայած այն բանին, որ այնտեղ գրված է «պարտադիր է ընթերցել»: Հետևաբար չեն տեղեկանում։ Բերեմ օրինակ, աշխատակիցների գրանցումը, «վարձու աշխատողների ռեեստրը», նամակը եկել էր, բայց շատերն ուշադրություն չէին դարձրել այդ նամակին։ Մարդիկ մինչ օրս գալիս են ու ասում, որ չգիտեին, որ անհրաժեշտ է գրանցել աշխատողներին, սա բխում է պետական լեզվի չիմացության խնդրից»,- ասում է նա։
Ըստ Հռիփսիմեի՝ պետական լեզվի չիմացությունը խոչընդոտ է հանդիսանում նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող գործարարների ինքնազարգացման առումով։
«Թբիլիսիում հաճախ են կազմակերպվում գործարարների համար դասընթացներ, որոնց ընթացքում նրանց վերապատրաստում են, խորհուրդներ են տալիս։ Բացի այդ, մենք չունենք արտոնագրված աուդիտորներ, սա նույնպես մեծ մինուս է։ Որակյալ հաշվապահներ դժվար է գտնել։ Ես ունեմ գործեր, որոնք կապված են միջին բիզնեսի հետ, բայց միջին բիզնեսը վարվում է այնպես, որ պետք չէ լինել հաշվապահ, որպեսզի լրացնել այդ հայտարարագրերը, պարզապես պետք է կարդալ վրացերենով, բայց քանի որ մենք լեզվի չիմացության խնդիր ունենք, հետևաբար դա անում են հաշվապահները»,- պարզաբանում է նա։
Վրաստանում իրականացվում են բիզնեսի աջակցության ծրագրեր, բիզնեսի համար դրամաշնորհներ են տրամադրվում ինչպես պետության՝ ճիշտ է դրանք մեծ չեն, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից։ Սակայն, ինչպես պարզվում է, Ախալքալաքում քչերը կարող են օգտվել այդ հնարավորություններից՝ կրկին ընտրելով արտագնա աշխատանքն ու խոպանի ճանապարհը։
Քրիստինե Մարաբյան